Մարիաննան ծնված օրվանից ապրում է Ախալքալաքում, բայց նա Հայաստանի քաղաքացի է: Համավարակը նրան թողել է ինն ամիս տանից հեռու: Ալվարդ և Սերոժ Ունանյանները նույնպես Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներ են և արդեն մեկ տարի է՝ չեն տեսել իրենց երեխաներին ու թոռներին: Վրաստանի փակ սահմանները Ջավախքում շատերի համար են խնդիրներ ստեղծել: Մարդիկ համակերպվել են կորոնավիրուսի հետ ապրելուն, բայց նրանք երբեք չեն կարողանա համակերպվել իրենց հարազատների կարոտով ապրելուն:
Վերադարձի ինն ամիսները
Երբ Մարիաննա Առաքելյանը մեկնում էր Ռուսաստան, Մոսկվա՝ բուժման նպատակով, Վրաստանում պանդեմիայի մասին խոսակցությունները դեռ նոր էին սկսվում: Շուտով սահմանները փակվեցին, և նա ինն ամիս շարունակ չկարողացավ վերադառնալ տուն՝ որդու և մոր մոտ:
«Ես ունեի հայկական անձնագիր: Ժամանակին ես հրաժարվել էի Վրաստանի քաղաքացիությունից, դա շատ անհրաժեշտ էր, ես ստիպված էի մեկնել Ռուսաստան: Ես Երեւան եկա հենց նույն օրը, երբ մարտի 21-ին սահմանը փակվեց: Ինձ Մոսկվայում վիրահատեցին, իսկ Երևանում սթրեսից հետո, քանի որ չէի կարող տուն վերադառնալ, ես կրկին հայտնվեցի հիվանդանոցում, որտեղ ինձ նորից վիրահատեցին (խմբ. աչքի վիրահատություն)»:
Մարիաննան մնաց Երեւանում: Ուր որ գնում էր, ասում էին, որ նա օտար երկրի քաղաքացի է, նա կարող է մուտք գործել Վրաստան, եթե ունի կամ ամուսնության վկայական Վրաստանի քաղաքացու հետ, կամ Վրաստանի քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխա, սակայն, նրա Վրաստանի քաղաքացի հանդիսացող որդին արդեն հասել է չափահասության տարիքին, իսկ ամուսնության վկայական չունի: Բայց այն փաստերը, որ նա Ախալքալաք քաղաքի բնակիչ է, որ նա այստեղ ընտանիք ունի, ունի բնակության թույլտվություն՝ ձևավորված իրավիճակում որևէ ուժ չունեն:
Մարիաննան մտավախություն ունի, որ կարող է կրկին հայտնվել մի իրավիճակում, երբ նորից չի կարողանա տեսնել իր որդուն
«Մայրս դիմել էր բոլոր-բոլորին, որպեսզի ես այն ժամանակ տուն վերադառնայի: Մայրս զանգահարել էր բոլորին, այնքան նախարարությունների համարներ ունի, ասում էին` զանգահարե՛ք այստեղ, զանգահարե՛ք այնտեղ, մեկ ժամից, կես ժամից, և այսպես շարունակ…: Վերջում ասում էին՝ հնարավոր չէ: Ես հինգ անգամ դիմել եմ, նշել եմ, որ մենք բիզնես ունենք, սակայն դա էլ չօգնեց: Ոչինչ չէր օգնում: Ես ամեն օր գրում էի ու նյարդայնանում դրանից: Եթե քույրս չլիներ, ես կխելագարվեի: Այս ամբողջ ընթացքում ես ապրում էի նրա մոտ: Վերջում ես արդեն այնպիսի վիճակում էի, որ դիմեցի մեր պատգամավոր Սամվել Մանուկյանին: Այդ ժամանակ ես նրան ասացի, եթե չկարողանամ վերադառնալ, չգիտեմ ինչ կանեմ ինքս ինձ հետ», – հիշելով իր տանջանքների մասին՝ Մարիաննան սկսեց լաց լինել՝ ավելացնելով, որ ինն ամիս չի տեսել իր որդուն և եղել է շատ ուժեղ սթրեսի մեջ:
Մինչ օրս նայում է բաժանման ժամանակվա իր լուսանկարներին և տեսանյութերին, և յուրաքանչյուր կադրում հնչում են «տուն», «տունդարձ» բառերը: Հայաստանում հարազատները փորձում էին Մարիաննային դուրս բերել ընկճախտից, կազմակերպում էին էքսկուրսիաներ: Նրան տարել էին Հայաստանում հնագույն հեթանոսական Գառնիի տաճար: Յուրաքանչյուր սրբատեղի ունի մի ծառ, որի ճյուղերի վրա թաշկինակ կամ թել են կապում՝ ցանկությունները կատարելու համար: Մարիաննան ուներ միայն մեկ երազանք՝ վերադառնալ Ախալքալաք, և նա կապեց թաշկինակը՝ մտապահելով հենց այս ցանկությունը:
Արդյունքում, Մարիաննային օգնեց վերադառնալ հայրենի տուն պատգամավորը: Նա հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք, բայց դեռ վախենում է բուժման նպատակով մեկնել Հայաստան:
«Ես կացության թույլտվություն ունեմ և ցանկանում եմ վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, բայց լեզուն չգիտեմ: Ես այնպիսի վիճակում եմ, որ պատրաստ եմ նույնիսկ պատվաստվել, միայն թե կարողանամ ազատորեն տեղաշարժվել: Ես պետք է զբաղվեմ աչքիս խնդրով: Իմ բժիշկը Հայաստանում է, ես ի սկզբանե այնտեղ եմ բուժումս անցել: Ես չեմ կարող փոխել՝ Թբիլիսիում բուժում ստանալու համար, բայց և վախենում եմ մեկնել Հայաստան: Ես նախընտրում եմ այս վիճակում մնալ, քան նորից գնալ ու տուն վերադառնալու վտանգի առաջ կանգնել»:
Մեկ տարուց ավելի տևած մենություն. Ունանյաններ
Ամուսիններ Ալվարդ և Սերոժ Ունանյաններն ապրում են Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղում: Վրաստանի սահմանները փակվելուց ի վեր նրանք չեն տեսել իրենց երեխաներին ու թոռներին: Ամուսնական զույգն ունի երկու որդի, ավագն ապրում է Հայաստանում՝ Երեւանում, կրտսերը Ուկրաինայում՝ Կիեւում: Ունանյանները չէին պատկերացնում իրենց կյանքը տնից հեռու, բայց վերջին շրջանում շատ բան է փոխվել, այդ թվում՝ առաջնահերթությունները:
Մուտքի մոտ սեղան է դրված, որի վրա կան վառ գույնզգույն թելեր ու բանվածք, իսկ կողքին՝ մինի պլանշետ: Տանտիրուհին այստեղ շատ ժամանակ է անցկացնում՝ երեխաների հետ ինտերնետով խոսելով ու ասեղնագործելով: Թոռների և երեխաների նկարները կախված են պատերից, այսպես են նրանք առնում իրենց կարոտը:
«Շատ ցավալի է, որ մեկ տարուց ավելի է` մենք չենք կարողանում հանդիպել: Մենք երկուսս էլ հիվանդ մարդիկ ենք, և նրանց այցելելու հնարավորություն չունենք: Ինչպես պետք է անցնենք սահմանը և ոտքով քայլենք դեպի Հայաստանի հետ սահման, մենք դա չենք կարողանա: Ավագ որդիս չունի Վրաստանի քաղաքացիություն, նրան զրկել են դրանից: Չնայած այն հանգամանքին, որ նա մեծ գումար է ծախսել, այնուամենայնիվ, նա չկարողացավ վերադարձնել քաղաքացիությունը: Մինչև կորոնավիրուսը նրանք միշտ գալիս էին: Ավագ որդին, ով արդեն 4-5 ամիս ապրում է Հայաստանում՝ մինչ կորոնավիրուսն այստեղ էր ապրում, աշխատում: Նա դերասան է և հարսանիքներ էր վարում հրավերով: Դե իսկ երկրորդ որդիս գալիս էր իր ամբողջ ընտանիքով, երբ ուզում էր՝ թռչում էր», – դողացող ձայնով ասում է 72-ամյա Ալվարդ Ունանյանը:
Ցույց տալով տունն ու բակը՝ պատմում է, որ երեխաներն ու թոռները դեմ են տան վաճառքին: Կորոնավիրուսից առաջ նրանք ամռանը գալիս էին, թոռները և նրանց պապը գնում էին ձկնորսության, իսկ թոռնուհիները օգնում էին տատիկին տան գործերում: Կազմակերպում էին աղմկոտ հավաքույթներ: Ավելի քան մեկ տարի է Ունանյանների տունը դատարկվել է: Այն փաստը, որ երկու որդիներն էլ ստացել են իրավաբանական կրթություն և լքել են իրենց հայրական տունը, Ալվարդը համարում է, որ ճիշտ քայլ էր:
«Միակ բանը, որ նրանք կարող էին անել, դա խոպան գնալն էր: Ինչո՞ւ այդ դեպքում նրանք բարձրագույն կրթություն ստացան, եթե միակ ելքը խոպանն էր: Երեխաները շատ են ուզում են, որ մենք իրենց հետ ապրենք, բայց առողջությունս ինձ թույլ չի տալիս, ես ինձ լավ չեմ զգում Երեւանում: Դե իսկ Կիեւում ապրել եմ մեկ ամիս: Չնայած երեխաները փորձեցին մեր կյանքն այնտեղ հետաքրքիր դարձնել, բայց միևնույն է՝ այդ 4 պատերը… նայիր կամ այս, կամ այն պատուհանից, ես չկարողացա ընտելանալ դրան: Այն, որ մեկի համար դժվար է` այո: Ամուսինս ցանկանում է տեղափոխվել մեր կրտսեր որդու մոտ, բայց մենք չենք գնում իմ պատճառով: Մենք չենք էլ մտածում կորոնավիրուսի մասին, ես այնքան շատ հիվանդություններ ունեմ, որ այդ մասին չեմ էլ մտածում, և շաքարս է բարձր, և ճնշում ունեմ և սիրտս է անհանգստացնում, հոդերս են ցավում…»
Չնայած այն հանգամանքին, որ ամուսիններով դեմ են պատվաստմանը, նրանք միևնույն է պահպանում են կորոնավիրուսային կանոնները:
«Մենք առանց դիմակի չենք քայլում: Մենք գյուղում չենք ճանաչում մեկին, ով հիվանդ լինի կորոնավիրուսով կամ դրանից մահացած լինի: Ժամանակին ավելի շատ մարդ էր մահանում, քան հիմա: Թող բացեն ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել իրենց երեխաներին, չկարոտեն նրանց: Մենք հիվանդ մարդիկ ենք, բա որ հանկարծամահ լինենք և այդպես էլ նրանց չտեսնենք: Կիևցի որդիս գարնանը Հայաստան էր եկել, բայց չէր կարող այստեղ գալ: Նա հետ գնաց՝ չտեսնելով մեզ: Դա նման է նրան, երբ դու ծարավ ե և բաժակով ջուրը սեղանի վրա է, սակայն այդ ջուրը քեզ թույլ չեն տալիս խմել», – ասում է 73-ամյա Սերոժ Ունանյանը:
Հարազատների կարոտը և փակ սահմաններն Ալվարդին առիթ տվեցին մտածել ընդմիշտ երեխաների մոտ մեկնելու մասին:
«Ամուսինս նույնիսկ այսօր պատրաստ է մեկնել Կիև՝ մեր կրտսեր որդու մոտ: Ճիշտն ասած, երեխաների հանդեպ կարոտի պատճառով ես արդեն փոխել եմ միտքս: Միայն թե թող ճանապարհները բացվեն», – ասում է Ալվարդը:
Ջավախքում, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, տասնյակ մարդիկ դիմել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին: Պատճառն այն էր, որ այս մարդկանց հարազատները չեն կարող տուն վերադառնալ: Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է իր սահմանները 2020-ի գարնանից և ընդունում է միայն Վրաստանի քաղաքացիներին, ովքեր վերադառնում են արտերկրից, կամ օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Վրաստանում ընտանիք ունեն, այսինքն՝ անչափահաս երեխաներ կամ կին/ամուսին: Կարող են Վրաստան ժամանել նաև այն օտարերկրացիները, ովքեր բիզնես նպատակներ ունեն Վրաստանի հետ կապված, եթե կա կնքված և ստորագրված պայմանագիր: Մնացած բոլոր դեպքերում օտարերկրացիներին արգելվում է մուտք գործել Վրաստան: Հաշվի չեն առնվում այն դեպքերը, երբ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը բնակվում է Վրաստանում, ունի կացության թույլտվություն կամ մեկնում է տուն՝ ծնողների մոտ: Օտարերկրյա քաղաքացիները կարող են Վրաստան թռչել՝ կովիդ-անձնագրով կամ PCR թեստի բացասական պատասխանի դեպքում, բայց ավիատոմսերը շատ թանկ են…
Քրիստինե Մարաբյան