Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է: Ավելին` արգելքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կարգավորումները խախտելու համար:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում:
ՆԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն ասաց, որ մայիսի 2-ից 4-ը արգելվում է գերեզմաններ գնալ, և արգելքը չի նախատեսում բացառություններ ըստ աշխարհագրական դիրքի կամ վարչական միավորի:
«Համակարգող խորհրդի կողմից կայացված յուրաքանչյուր որոշում առաջին հերթին պայմանավորված է համաճարակաբանական իրավիճակով և առկա ռիսկերով, որոնք կարող են ուղեկցել այս կամ այն իրադարձությանը: Հետևաբար, գերեզմանոցներ գնալն այս տարի էլ արգելվեց, ինչպես նախորդ տարի: Արգելքը տարածվում է մայիսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածի վրա և չի նախատեսում բացառություններ ըստ աշխարհագրական դիրքի կամ վարչական միավորի: Այս արգելքը վերաբերում է ամբողջ Վրաստանին», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:
Ըստ Ղիբրաձեի, ավանդույթների համաձայն, մայիսի 2-4-ը սպասվում է, որ շատ մարդիկ կհավաքվեն մեկ վայրում, և դա կանխելու համար արգելք է դրվել: Մայիսի 4-ին հաջորդող օրերին այս սահմանափակումը չի կիրառվի, և քաղաքացիները կկարողանան գերեզման գնալ:
Վրաստանում մայիսի 4-11-ը արձակուրդ է հայտարարվել, որը, համաձայն համակարգող խորհրդի, նպատակ ունի նվազեցնել շարժունակությունը: Խորհրդի որոշմամբ, մայիսի 3-ից 12-ը կսահմանափակվի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը: