Այսօր՝ ապրիլի 19-ին, Թբիլիսիում սկսվել է Վրաստանի ազգային փոքրամասնությունների կարճաժամկետ ուսումնական ծրագիրը, որին մասնակցում են Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի երիտասարդները:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամը (Ռոնդելիի հիմնադրամ)՝ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է վերապատրաստման նոր դասընթաց: Ծրագիրը կոչվում է «Ազգային փոքրամասնությունների գծով 2021 թ.-ի կարճաժամկետ դասընթաց. Դիսկուրսի խթանում»:
Ուսումնական կուրսն անցնում են նաև Քվեմո-Քարթլի, Աջարիայի և Պանկիսիի շրջանների ադրբեջանցիները:
Ծրագրի նպատակն է բարելավել Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող երիտասարդների մասնագիտական հմտությունները:
Դասընթացներն անցկացվում են Թբիլիսիում` համաձայն կառավարության գործող կանոնակարգերի և հաշվի առնելով երկրում առկա COVID-19 համավարակի հետ կապված վիճակը:
Այսօրվանից սկսած, ևս երեք օր, մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ քաղաքականության վերլուծության, շահերի պաշտպանության և լոբբինգի, կանանց քաղաքականության մեջ մասնակցության, հետազոտական մեթոդների և ապատեղեկատվության դեմ պայքարի մասին: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Վրաստանին վերաբերող արտաքին քաղաքականության հարցերին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները նաև կհանդիպեն տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու ազգային փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրները, կառավարության քաղաքականությունն ու ապագայի ծրագրերը:
Ուսումնական կուրսը կանցկացվի երկու հոսքով: Դասախոսությունները կանցկացվեն ամեն օր ապրիլի 19-ից 22-ը և ապրիլի 26-ից 29-ը: Յուրաքանչյուր դասընթացի համար ընտրվել են 18-ից 25 տարեկան 20 երիտասարդներ, որոնք ներկայացնում են տարբեր շրջանների կամ մայրաքաղաքի էթնիկ փոքրամասնություններ: Դասընթացների աշխատանքային լեզուն վրացերենն է, սակայն որոշ մասնակիցների համար այն թարգմանչի միջոցով թարգմանվում է նաև նրան հասանելի լեզվով: Մասնակիցների տրանսպորտի, կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: