Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում 2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ստեղծում են ընդհանուր շտաբ: Այս մասին այսօր հայտարարվել է «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ընդդիմադիր առաջնորդների հանդիպումից հետո:
Շտաբի ներկայացումը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ Թբիլիսիի Ռիկղեի այգում, ապրիլի 19-ին կայանալիք ակցիայի ժամանակ: Ինչպես պարզաբանել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» հիմնադիրներից մեկը՝ Թակո Չարկվիանին, սա կդառնա ընդդիմության մայիսի 15-ին Թբիլիսիում նախատեսված լայնամասշտաբ հանրահավաքի համար «նախերգանք»:
«Ապրիլի 19-ին տեղի կունենա ոչ թե մեծ ակցիա, այլ ավելի շուտ՝ շտաբի, ընդհանուր մեծ շտաբի ներկայացումը», – հայտարարել է նա:
«Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը Ռիկղեի այգում հանրությանը կներկայացնի իր ծրագրերը: Միաժամանակ նա շեշտել է, որ մայիսի 15-ի հանրահավաքում նա ակնկալում է տեսնել «ամբողջ Վրաստանին»:
Այս շաբաթ ընդդիմության առաջնորդները սկսել են իրենց հանդիպումները շրջանների բնակչության հետ: Քաղաքական գործիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց բողոքին:
Մայիսի 15-ի հանրահավաքի հիմնական պահանջը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
«Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները նույնպես հաստատել են, որ այս պայմանն առանցքային է խորհրդարանի բոյկոտումը դադարեցնելու և երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար:
Վրաստանում քաղաքական ճգնաժամը գրեթե հինգ ամիս է շարունակվում է: 2020-ի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության վաթսուն պատգամավորներից միայն վեցն է մասնակցում խորհրդարանական նստաշրջաններին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական հանձնարարությամբ՝ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը մարտին երկու անգամ այցելել էր Թբիլիսի` օգնելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Նա իշխող կուսակցության և ընդդիմության անդամներին ներկայացրել էր քաղաքական ճգնաժամի կարգավորման իր տեսլականի վերաբերյալ փաստաթուղթ, որը ենթադրում է համակարգային ընտրական բարեփոխումների իրականացում և արդարադատության ոլորտի փոփոխություններ:
«Վրացական երազանք»-ը միակողմանիորեն ստորագրել է վերոնշյալ փաստաթուղթը: Իշխանությունների ընդդիմախոսները պատրաստ չեն այս գործարքին: Նրանք պնդում են, որ համաձայնագիրը պետք է ներառի քաղբանտարկյալների ազատ արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված դրույթները: