Երեկ՝ ապրիլի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի ֆերմերները բողոք են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, որպեսզի վերջինս տեղեկությունը փոխանցի Վրաստանի կառավարությանը: Ֆերմերները հույս ունեն կարտոֆիլի իրացման հարցում օգնության, քանի որ 20 օրից սկսվում է նոր գյուղատնտեսական սեզոնը, իսկ նախորդ տարվա բերքը դեռևս վաճառված չէ:
Երեկ՝ կեսօրին, Դիլիսկա գյուղից մոտ 20 ֆերմեր բողոքով եկել էր քաղաքապետ Յուրիկ Ունանյանի մոտ: Նրանք ցանկանում են, որ պետությունը որոշակի ժամանակահատվածով դադարեցնի կարտոֆիլի ներկրումն այլ երկրներից: Քաղաքապետը նրանց հետ հանդիպել էր քաղաքապետարանի նիստերի դահլիճում, հանդիպմանը ներկա էր նաև փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեն:
Հողագործները չգիտեն, թե ինչ անել նախորդ տարվա բերքի հետ, նրանք համաձայն են ցանկացած գնի, միայն թե վաճառեն կարտոֆիլը և պահեստներն ազատել:
«Մենք ուզում ենք, որ պետությունն օգնի մեզ, դադարեցնի կարտոֆիլի ներկրումը Թուրքիայից: Եթե գոնե 10-20 օրով դադարեցնեն կարտոֆիլի ներկրումը, մենք մերը կվաճառենք: Մենք ինչ անենք: Ամեն ինչ թանկացել է, բացի մեր կարտոֆիլից, իսկ մենք դա էլ չենք կարողանում վաճառել: Պարարտանյութն արժեր 57 լարի, այժմ այն արժե 77 լարի: Ինչու են ուրիշներին սուբսիդիաներ տալիս, իսկ մեզ՝ կարտոֆիլագործներիս չեն տալիս», – բողոքում է ֆերմերներից մեկը:
«Եթե ներմուծումը 10 օրվա ընթացքում չկանգնեցվի, և ես չկարողանամ իրացնել իմ կարտոֆիլը, ես այն կբերեմ և կթափեմ բանկի բակում: Անցյալ գարնանը մեզ մոտ էին եկել «Կրեդո» բանկից, առաջարկում էին բանկից վարկ վերցնել և ընդլայնել դաշտերը, զարգացնել գյուղատնտեսությունը: Մենք այդպես էլ արեցինք, բայց հիմա մենք չենք կարող բերքը վաճառել, ինչու են նրանք ներկրում այլ երկրներից այն դեպքում, երբ երկրում կարտոֆիլ շատ կա, երբ մենք չենք կարող մեր կարտոֆիլը իրացնել: Ինչպե՞ս ենք մենք փակելու մեր վարկերը: Մեր գյուղում ընդհանուր առմամբ 1500 տոննա կարտոֆիլ կա, անձամբ ես ունեմ 60 տոննա», – դժգոհում է մեկ այլ ֆերմերը:
Հավաքվածների խոսքով՝ Դիլիսկա գյուղում մոտ 70 մարդ բանկից 20 000 լարի վարկ է վերցրել կարտոֆիլի դաշտերն ընդհարձակելու և գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Ֆերմերներն այսօր չեն կարող վճարել բանկից վերցված վարկերը, քանի որ նրանք չեն իրացրել իրենց կարտոֆիլը:
Ֆերմերների խոսքով, աշնանը գյուղում գնորդները նույնպես շատ չէին:
«Ոչ մի մեքենա մեր գյուղից դատարկ չի հեռացել: Ես չեմ վաճառել, մեկ ուրիշն է վաճառել: Աշնանից գնորդները քիչ են եղել», – ասում էին ֆերմերները:
Ֆերմերներից մեկը վրդովված էր այն փաստից, որ երկու ամիս առաջ նրանք չէին կարողացել մաքսատանը որակը հաստատող սերտիֆիկատ ստանալ՝ կարտոֆիլը Հայաստան արտահանելու համար:
«Մենք գիտենք, որ այժմ Հայաստանում կարտոֆիլի պահանջարկ կա, բայց չենք կարող որակի սերտիֆիկատ ստանալ այն ՀՀ արտահանելու համար: Ես 30 տոննա վաճառել եմ գնորդին, որպեսզի նա կարտոֆիլը տանի Հայաստան վաճառելու: Նա ուրիշներից էլ է գնել: Վրաստանի մաքսատան ծառայողները որակի սերտիֆիկատ չտրամադրեցին, պատճառաբանելով, որ իբր կարտոֆիլն անորակ էր: Տոպրակի մեջ մի քանի փչացած կարտոֆիլ կար, գնորդն առաջարկել էր հանել դրանք և մյուսներին որակի սերտիֆիկատ տալ, սակայն նրանք դա չտվեցին: Ես կարտոֆիլը հետ բերեցի և հազիվ վաճառեցի Մառնեուլում», – ասում է Լեռնիկ Եզոյանը:
Լեռնիկ Եզոյանը վաճառքի համար նախատեսված դեռ 35 տոննա կարտոֆիլ ունի:
«Ինչու ադրբեջանցիները հոլանդական կարտոֆիլը գնում են երկու անգամ թանկ, բայց մերը չեն գնում: Իսկ մերոնք կարտոֆիլը ներկրում են Թուրքիայից, ինչու մեր պետությունը չի մտածում մեր մասին, չէ որ մենք այս պետության քաղաքացիներ ենք», – ասաց բողոքողներից մեկը:
Անցյալ շաբաթ Ղազախստանից եկած գնորդները մունիցիպալիտետից գնեցին մոտ 60 տոննա կարտոֆիլ: Այնուամենայնիվ, այս հանգամանքը ֆերմերների համար հուսադրող չէ, քանի որ դեռ հայտնի չէ՝ նրանք նորից կգան, թե՝ ոչ: Տեղական կարտոֆիլի ադրբեջանցի և մառնեուլցի մշտական գնորդներն այս տարի քչացել են, գրեթե չկան:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը լսել է ֆերմերներին և խոստացել, որ տեղեկատվությունը կփոխանցի նահանգապետին:
«Մենք կառավարությանը տեղեկացրել ենք իրավիճակի մասին, Սակրեբուլոյի հետ միասին նամակ ենք գրել: 10 օր առաջ մենք զրուցել էինք գյուղտնտեսության փոխնախարարի հետ, նահանգապետը գիտի: Էլ ի՞նչ կարող ենք անել: Իհարկե, գյուղացիների համար իրավիճակը բարդ է», – ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: