Transparency International Georgia-ն (TI) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 5 աշխատակիցների լրացրած հայտարարագրերում խախտումներ են հայտնաբերվել:
Ներկայացնում ենք TI-ի զեկույցում հրապարակված տվյալները:
Կոնստանտին Վարդանյան
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Շրջանային ժողովի նախագահի տեղակալ
2020 թվականի հունիսին լրացրած հայտարարագրում Կոնստանտին Վարդանյանը չի նշել, որ իր կինը՝ Ալբինա Վարդանյանը, ռեժիսոր է և տիրապետում է Parvana հեռուստաընկերության 100% բաժնետոմսերին, որը հիմնադրվել է 2015 թվականին:
Գեորգի Զմոյան
Նինոծմինդայի սակրեբուլոյում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ
Գեորգի Զմոյանը 2020 թվականի հոկտեմբերին լրացրած հայտարարագրում չի նշել, որ նա 2011 թվականից զբաղեցնում է «Ջավախքի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիայի» տնօրենի պաշտոնը: Համաձայն «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի` քաղաքացիական ծառայողին չի թույլատրվում այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավունքի իրավաբանական անձ ներկայացնող հաստատությունում:
Անդրանիկ Կարապետյան
Նինոծմինդայի սակրեբուլոյում «Վրացական երազանք–պահպանողականներ» խմբակցության նախագահ
2020 թվականի օգոստոսին լրացրած հայտարարագրում Անդրանիկ Կարապետյանը չի նշել, որ ինքը 2011 թ.-ից անհատ ձեռներեց է:
Դավիթ Դուրգարյան
Նինոծմինդայի սակրեբուլոյում «Վրացական երազանք–Երիտասարդություն» խմբակցության նախագահ
Դավիթ Դուրգարյանն իր հայտարարագրում, որը լրացվել է 2021 թվականի փետրվարին, չի նշել, որ ինքը 2016 թվականից անհատ ձեռներեց է հանդիսանում:
Վաղինակ Արզումանյան
Նինոծմինդայի սակրեբուլոյում «Վրացական երազանք-մեծամասնականներ» խմբակցության նախագահ
2020 թվականի սեպտեմբերին լրացված հայտարարագրում Վաղինակ Արզումանյանը չի նշել, որ իր կինը՝ Անի Արզումանյանը, 2013-ի մարտից անհատ ձեռներեց է:
Transparency International Georgia-ն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների 2020-2021 թվականների 144 աշխատողների հայտարարագրերը: Խախտումներ և անճշտություններ են արձանագրվել 49 հայտարարագրերում: Բացահայտվել է նաև անհամատեղելի գործունեության 27 դեպք: TI-ից նաև նշում են այն փաստի կարևորության մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունները ներգրավված են պետական գնումների մեջ: