Երեկ բեմադրված մյուզիքլը կրկին հիշեցրեց Ախալքալաքի Մշակույթի տան ողբալի ու անհույս վիճակը: Վերականգնման խնդրի լուծումը գնացել է դեպի հեռու ապագա, հատկապես համավարակի և ճգնաժամի պայմաններում այդ նպատակի համար գումար չկա:

Ախալքալաքում երկար դադարից հետո Մշակույթի տան աշխատանքը վերսկսվել է: Առաջին մշակութային իրադարձությունը տեղի ունեցավ գրեթե դատարկ դահլիճում, և դա զարմանալի չէ, քանի որ դահլիճում շատ ցուրտ է: Գրեթե ամբողջ տարին այստեղ ցուրտ է, էլ չասած, որ Մշակույթի տան շենքը երբեք չի նորոգվել: Սովետական տիպիկ շենքում ամենուր փչում է միջանցիկ քամին, առաստաղը, հատակը, պատուհանները կոտրված են: Չնայած դրան, Մշակույթի տանը տեղադրվել էր ջեռուցման համակարգ` 190 000 լարի արժողությամբ: Սակայն, ըստ տնօրեն Ալիկ Քսպոյանի, համավարակի բռնկման պատճառով ջեռուցման համակարգը ջրահեռացվել էր, և ցրտաշունչ ձմռանը ջեռուցման համակարգի խողովակների վրա ճաքեր էին հայտնվել: Չնայած նույնիսկ եթե ջեռուցման համակարգը սարքին լիներ, միևնույն է, ջեռուցման համար պարզապես միջոցներ չկան:

«Երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, մեզ պաշտոնապես ասացին, որ ջուրը թափել, չմիացնել, դրանից հետո ջեռուցում չկա: Դրանից առաջ, երբ տեղադրեցինք, միացնում էինք: Այս պահին մենք միջոցներ չունենք ջեռուցման համար: Սա հսկայական շենք է, կան ավելի քան 100 շրջապտույտ, որտեղ ջուրը միևնույն է մնում է խողովակներում: Սառած ջրի պատճառով մի քանի վայրերում ճաքեր են առաջացել, մինչ այդ էլ շարժիչների հետ կապված խնդիր ունեինք: Ես հայտարարություն եմ գրել նրանք (խմբ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայություն) եկան, տեսան և ասացին, որ հայտարարություն է պետք գրել, որպեսզի նախքան ջեռուցումը միացնելը խնդիրները վերացվեն: Ինձ չեն ասել, թե երբ են վերանորոգելու, ես չգիտեմ, թե որքան գումար է հարկավոր դրա համար: Կար ժամանակ, երբ ջեռուցումը միացնում էինք միայն Աշուղական դպրոցի համար, որտեղ համույթը փորձեր է անում, և գրադարանի երկու սենյակները, միայն մեկ ամիս ջեռուցման վրա 2000-3000 լարի է ծախսվել: Իսկ ամբողջ շենքը տաքացնելու համար հսկայական գումարներ է պահանջվում», – ասում է Ալիկ Քսպոյանը:

Խնդիրն, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, մոտ ապագայում դեռ անլուծելի է, դրա համար միլիոնավոր լարի է անհրաժեշտ:

«Նման պայմաններ կունենանք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ունենա գումար: Բոլորս էլ հասկանում ենք, որ Մշակույթի տան վիճակը բավարար չէ, բայց դրա վերականգնման համար մեզ փող է պետք: Հիմնանորոգման նախագիծը վաղուց կա, կա նաև նախահաշվարկը: Մեզ վերականգնման համար միլիոններ են հարկավոր», – ասում է Վալերի Ստելմաշովը:

Ախալքալաքի Մշակույթի տունը տասնամյակներ շարունակ գտնվում է այս վիճակում, և ամեն տարի այս վիճակն էլ ավելի է վատանում: Մի քանի տարի առաջ մունիցիպալիտետն անսպասելիորեն խոշոր գումար ստացավ հարկերի տեսքով, որի մի մասը որոշվեց ծախսել Մշակույթի տան վերականգնման վրա: Այնուամենայնիվ, քննարկման յուրաքանչյուր փուլում գումարը նվազում ու նվազում էր, վերջում այն ամբողջովին անհետացավ:

Ահա, թե ինչպես էր դա տեղի ունենում: Ախալքալաքի միակ մշակութային շենքի` Մշակույթի տան ամբողջական վերականգնումը նախատեսվում էր իրականացնել դեռ 2016-ին` մունիցիպալիտետի կողմից Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ` հողերի օգտագործման համար հարկերի տեսքով ստացված միջոցներով: Սկզբնապես վերականգնման համար հատկացվել էր 1 300 000 լարի:

Ավելի ուշ, սակայն, Ախալքալաքի մունիցիպալիտետի 2017 թվականի բյուջեում Մշակույթի տան վերականգնման համար արդեն տրամադրվել էր 480 000 լարի: Ինչպես այն ժամանակ բացատրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Գամգեոբան, տրամադրված նախնական գումարը` 1 300 000 լարին, նվազեցվել էր հարկային եկամուտների սխալ փոխանցման պատճառով, այնուհետև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետերի հարկը փոխանցվել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվին: Նինոծմինդայի մունիցիպալիտետին 5 966 000 լարիից փոխանցվել էր մոտ 860 000 լարի:

Սակայն հետագայում, բյուջեում կատարված փոփոխությունների արդյունքում, այս 480 000 լարին տեղ չգտավ «Մշակույթի տան վերականգնում» հոդվածում, փողը սահուն կերպով սպառվեց այլ կարիքների համար, և արդյունքում ծախսվեց ընդամենը 190 000 լարի, որն առանձին նախատեսվել էր ջեռուցման համակարգի տեղադրման համար:

Նշենք, որ Ախալքալաքում մշակույթի զարգացման համար պայմաններ չկան: «Մուրջի» վրացական պարի համույթը, չնայած մունիցիպալ համույթ է, ստիպված է փորձերն անցկացնել Ախալքալաքի մանկապարտեզներից մեկի դահլիճում կամ վրացական դպրոցի մարզադահլիճում, որն արդեն մեկ տարուց ավելի է վերանորոգման մեջ է: Գրադարանի գրքերը, որը նույնպես գտնվում է Մշակույթի տանը, պահվում են մղձավանջային պայմաններում: Կույտով հավաքված գրքերը զբաղեցնում են փոքր դահլիճը, որը կարող էր օգտագործվել փորձերի և փոքր մասշտաբի միջոցառումների համար: Այստեղ չկան հանդերձարաններ կամ նորմալ սանհանգույց:

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո նորընտիր պատգամավորները աուդիտ են անցկացրել մունիցիպալ հաստատություններում, նաև Մշակույթի տանը, սակայն վերջին 4 տարիների ընթացքում Մշակույթի տանն անցկացվել է միայն ջեռուցումը, ինչը, արդյունքում, չի օգտագործվում:

Քրիստինե Մարաբյան