Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից Արեւիկը 13 տարեկան է, բայց նրա մոտ արդեն գյուղի շուրջ 30 երեխա պարել է սովորում:

Կարտիկամ գյուղի աղջիկների համար ամենաերջանիկ ժամանակն այն է, երբ սկսվում են պարի ժամերն Արեւիկի մոտ: 13-ամյա աշակերտուհին, չնայած ինքն էլ է փոքր, բայց իր հայրենի գյուղում իր հասակակից աղջիկներին արդեն սովորեցնում է այն ամենը, ինչին ինքը տիրապետում է:

Երբ նրբագեղ Արեւիկը պարում է, նրա նազանի և սահուն շարժումները և արտիստիկ ոճը ուշադրություն են հրավիրում իր վրա:

«Փոքր տարիքից ես շատ էի սիրում պարել: Երբ մեր գյուղում պարախումբ բացվեց, ես սկսեցի հաճախել այնտեղ, բայց հետո դադարեցի հաճախել, ինձ դուր չեկան այն պարերը, որոնք մեզ սովորեցնում էին: Հետո սկսեցի մարմնամարզությամբ զբաղվել: Այդ ժամանակ իմացանք, որ կա «Անի» պարի խումբ, և Սեդա Հակոբյանը պարի ստուդիա է բացել, որտեղ մարմնամարզությամբ է զբաղվում, ես տեղափոխվեցի այնտեղ՝ մարմնամարզության իմ հմտությունները բարելավելու, բայց հետո սկսեցի մարմնամարզության հետ միասին պարել: Որոշ ժամանակ անց ես լավ արդյունքներ ունեցա պարի բնագավառում, և ես սկսեցի նրան օգնել երեխաներին դասավանդելու հարցում: Ես նրանց մարմնամարզություն էի սովորեցնում: Իսկ հետո սկսվեց կարանտինը և այլն: Սկզբում մասնակցում էի առցանց պարի դասընթացների, պարում էի մրցումների շրջանակներում, բայց ոչ հիմա», – ասում է Գինոյան Արևիկը:

DSC_0106

Երբ սկսվեց համավարակը, «Անի» պարային դպրոցը կանխազգուշանալու պատրվակով փակվեց, ինչպես և ամենուր: Այդ ժամանակ հարազատներն ու հարևանները Արևիկին խնդրեցին երեխաների հետ առանձին պարապել: Նա 9 ամիս առաջ էր սկսել պար սովորեցնել գյուղի երեխաներին: Խմբում միայն աղջիկներ են, և նա անհատական աշխատում է միայն մեկ տղայի հետ:

25-30 երեխա՝ 2 խմբով հաճախում են փոքրիկ պարուսույցի մոտ պարեր սովորելու: Առաջին խումբը ամենից փոքրերն են, իսկ երկրորդը՝ իրենից մի քանի տարով փոքրերը՝ 9-11 տարեկան երեխաները:

«Սկզբում մի աղջիկ եկավ և ասաց՝ ինձ վրացական պարեր սովորեցրու: Նա մորս ընկերուհու դուստրն էր: Հենց այնպես էր գալիս, նրանք գիտեին, որ ես կարող եմ պարել: Հետո եկավ հարեւանի աղջիկը, ու նրանց թիվն ավելի ու ավելի շատացավ: Սկզբում մենք շատ չէինք, և մենք պարապում էինք հյուրասենյակում, իսկ երբ աստիճանաբար ավելի շատացանք, ընտանիքս որոշեց սենյակ հատկացնել ստուդիայի համար: Հայրիկս, քեռիս, պապերս, բոլոր հարազատներս մասնակցում էին վերանորոգման աշխատանքներին: Հայելու գաղափարը հայրիկինս է, իսկ մայրիկս կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում», – պատմում է նա:

Ոչ անհրաժեշտ երկու սենյակները միացրեցին, տարածքն ավելի մեծացավ: Այնտեղ անպիտան իրերի պահոց էր: Այժմ հսկայական սենյակը նրան հնարավորություն է տալիս պարապել երկու խմբերի հետ տարբեր ժամերի:

«Ես ուզում եմ ընդլայնել և՛ խումբը, և՛ ստուդիան, և ցանկանում եմ, որ ունենանք մեր սեփական տարազները: Սա այս պահին ամենամեծ խնդիրն է: Քանի որ մենք ստիպված ենք վարձել այդ հագուստները: Սեփական հագուստ ունենալը շատ թանկ է», – ասում է Արեւիկը:

Նրա սիրած զբաղմունքների ցուցակը չի սահմանափակվում միայն մարմնամարզությամբ և պարով, նա նաև նկարում է. «Չեմ ցանկանում պարապ մնալ», – ասում է նա:

Դե իսկ երեխաներին շատ է ձգում դեպի Արևիկը, չնայած նրանցից շատերը փոքր պարուսույցից շատ փոքր չեն, նրանք, միևնույն է, լսում են նրան և հաճախ դիմում են նրան որպես ավելի մեծ և հեղինակավոր ուսուցչի: Երեխաները խոստովանում են, որ սիրում են ավելի շատ պարել ամբողջ պարը, քան պարապել յուրաքանչյուր շարժում առանձին-առանձին:

DSC_0145

«Երբ նրանք հոգնում են, նրանք դադարում են ինձ լսել: Այդ դեպքում շատ դժվար է, բայց ես միևնույն է կարողանում եմ ղեկավարել: Ես չեմ մտածում ինքս չարաճճիություն անելու մասին (ծիծաղում է), այդ մասին մայրս է մտածում», – ժպտալով Արեւիկը նայում է մորը:

«Ես երբեմն խղճում եմ նրան, իմ երեխան տանջվում է: Չնայած, քանի որ հասել են նման արդյունքների, ուրեմն նրանք լսում են աղջկաս», – ասում է Արևիկի մայրը` Սյուզաննան:

DSC_0482

Նա իր ստուդիան անվանել է «Arev evolution dance»:

«Ես պարեր եմ հորինում, և երբ շարժումների պակաս եմ ունենում, ինտերնետում եմ փնտրում, բայց դա շատ հազվադեպ է լինում: Ես որոշակի գիտելիքներ ունեմ հայկական պարերի մասին: Ես ինքս եմ որոշում, թե որ շարժումը որից հետո է լինելու: Չի եղել այնպիսի բան, որ ինչ-որ տեղ դիտենք և պարը սովորենք: Շատ բարդ շարժումներ կան, և ես սկսում եմ սովորեցնել հեշտ շարժումները, իսկ հետո անցնում եմ դժվարիններին», – ասում է Արևիկը:

DSC_0546

Արեւիկն իր ապագան տեսնում է արվեստի մեջ և արդեն սկսել է պատրաստվել դրան, չնայած նա չի բացառում, որ իրեն նաև երկրորդ մասնագիտություն է պետք:

«Հայրս որոշեց, որ այս ամառ ես մի քանի ամսով մեկնելու եմ Թբիլիսի սովորելու: Ես հստակ չգիտեմ, թե որտեղ, մենք կգնանք և ընթացքում կիմանանք: Ես ուզում եմ ուսումնասիրել վրացական պարերը: Հորաքույրս այնտեղ է ապրում, ես կապրեմ նրա մոտ ու կսովորեմ Թբիլիսիում: Եթե հաջողության հասնեմ, կգնամ Երեւան: Ուսուցիչներս ասում են, որ ավելի լավ է բարձրագույն կրթություն ստանամ արվեստի ոլորտում: Ամենայն հավանականությամբ, ես հակված եմ ավելի շատ դիզայներությանը, ինձ դուր է գալիս դա: Նույնիսկ դասարանում, երբ ինչ-որ բան են ընտրում, հարցնում են իմ կարծիքը: Ասում են՝ Արևիկը լավ ֆանտազիա ունի», – պատմում է նա:

DSC_0565

Փոքրիկ պարուհին իր փոքրիկ սաներին անվճար է պարապում: Մինչդեռ նոր խումբը, որը ստեղծվել է COVID-19–ի շնորհիվ, դեռ հնարավորություն չի ունեցել հանդես գալ մեծ բեմում:

Քրիստինե Մարաբյան