AstraZeneca-ով պատվաստման ծրագիրը Վրաստանում կշարունակվի միայն 55-ից բարձր քաղաքացիների շրջանում: Այս մասին հայտնել է Առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիան:

Վերջինիս խոսքով, այս փուլում չի նախատեսվում ընդլայնել այս դեղամիջոցով պատվաստման ծրագիրը և դրանում ներառել այլ տարիքային խմբերի:

«Այսօր փորձագետների խորհուրդը, Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնյաների հետ միասին, քննարկել է այդ հարցը և խորհուրդ տվել շարունակել AstraZeneca-ով պատվաստումը 55-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում», – ասել է Գաբունիան:

Իմունիզացման խորհուրդն այս որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը AstraZeneca-ի հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ էին տարածել:

Երկու կազմակերպությունների փորձագիտների հանձնաժողովը ևս մեկ անգամ հաստատել է, որ AstraZeneca-ի օգուտները շատ անգամ գերազանցում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել պատվաստման ընթացքում՝ տարբեր կատեգորիաների հիվանդների շրջանում: Միևնույն ժամանակ, փորձագետները ընդունել են AstraZeneca-ի և թրոմբագոյացության հնարավոր կապը: Ըստ առկա ուսումնասիրությունների՝ 20 միլիոն պատվաստվածներից 86 դեպքում հայտնաբերվել է թրոմբոէմբոլիայի տեսքով բարդություններ:

Գաբունիան ընդգծել է, որ այս բարդությունը շատ հազվադեպ է զարգանում՝ յուրաքանչյուր միլիոն մարդուց ընդամենը չորսի մոտ, սակայն փորձագետները միևնույն է անհրաժեշտ են համարում ուշադրություն դարձնել այս հանգամանքին:

AstraZeneca դեղամիջոցը որոշակի տարիքային խմբերի պատվաստման համար օգտագործելու մասին որոշումն արդեն կայացվել է Եվրոպայի մի քանի երկրներում: Օրինակ՝ Դանիայում, Նիդեռլանդներում և Նորվեգիայում պատվաստանյութը կշարունակվի կիրառվել 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում, Ֆրանսիայում՝ 55-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում, իսկ Շվեդիայում և Իսպանիայում՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում:

Գաբունիան շեշտել է, որ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ապահով կերպով ստացել են AstraZeneca պատվաստման առաջին դեղաչափը, ցանկացած տարիքային կատեգորիայում կարող են կատարել երկրորդ դեղաչափը՝ 8-12 շաբաթվա ընթացքում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ AstraZeneca-ի մատակարարումը Վրաստանում կշարունակվի սովորական ռեժիմով, քանի որ երկրում պատվաստանյութերի քանակը շատ չէ:

«Մենք աշխատում ենք արագացնել այլընտրանքային պատվաստանյութերի ներկրումը: Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է չինական Sinopharm պատվաստանյութը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, որպեսզի թույլտվություն ստանալուց անմիջապես հետո պատվաստանյութը հասանելի դառնա բնակչության այն խմբերի համար, որոնք այս փուլում ինչ-ինչ պատճառներով չեն կարող օգտագործել AstraZeneca պատվաստանյութը», – ասել է Գաբունիան:

Ապրիլի 9-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 17 261 մարդ:

Ներկայումս Վրաստանում հասանելի են AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը: Վրաստանն արդեն ստացել է հարյուր հազար դեղաչափ չինական պատվաստանյութը, այն նախատեսվում է օգտագործել այն բանից հետո, երբ դեղորայքը կստանա ԱՀԿ-ի թույլտվությունը:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Առաջին փուլում պատվաստում էին ամենառիսկային խմբին պատկանող անձանց՝ բժիշկներին, սակայն ցածր ակտիվության պատճառով պատվաստման ծրագիրն ընդլայնվել է և բժիշկներին ավելացվել են 65 տարեկանից բարձր անձինք, ապա նաև՝ 55 տարեկանից բարձր մարդիկ, ինչպես նաև դիալիզի ենթակա կամ օրգանների փոխպատվաստմամբ հիվանդները։ Շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան էր ժամանել մարտի 13-ին, իսկ Pfizer-ը` մարտի 30-ին: