1989 թ.-ի ապրիլի 9-ի լուսադեմին, սովետական զինծառայողները Թբիլիսիի կենտրոնում ցրեցին խաղաղ ցույցը, որի արդյունքում զոհվեց 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ գազից:

Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր: Միևնույն ժամանակ, սա Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ապրիլի 9-ը նաև պաշտոնապես հանգստյան օր է:

Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց՝ ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Դեռ նախօրեից սկսում են այստեղ բերել ծաղիկներ ու մոմեր, և այս հոսքը շարունակվում է մինչ առավոտ: Սակայն համավարակը և «պարետային ժամը» ճշգրտումներ են մտցրել այս ավանդույթի մեջ:

1989 թվականի ապրիլի 9-ը Վրաստանի համար շրջադարձային օր դարձավ: Այդ պահից սկսած սկսվեց վրաց հասարակության համախմբման գործընթացը՝ ազգային անկախության գաղափարի և վրացական պետականության վերականգնման շուրջ:

Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թ.-ի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախությունը վերականգնելու մասին՝ 1918 թ.-ի մայիսի 26-ի Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման մասին ակտի հիման վրա:

Որոշումն ընդունվել է 1991 թվականի մարտի 31-ին անցկացված համապետական հանրաքվեի հիման վրա, որի ընթացքում Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես է եկել ՀԽՍՀ-ից կազմից դուրս գալու և Վրաստանի անկախության հռչակման օգտին: