Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Վրաստանում կիրականացվի գյուղատնտեսական նոր ծրագիր: Ծրագիրը նախատեսված է 2022-2025 թվականների համար, տարեկան բյուջեն կազմում է 10 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը:
Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենը Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը պատմել է տարածաշրջանային համագործակցության նոր ծրագրի մասին: Դիվանագետի խոսքով՝ Շվեյցարիայի կառավարությունը ծրագիրը կհաստատի 2021 թվականի հուլիսին:
Նոր ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի տնտեսական զարգացմանը և գյուղաբնակների սոցիալական պայմանների բարելավմանը: Ֆերմերները կկարողանան մասնակցել միջազգային ուսումնական ծրագրերի:
Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել անասնապահության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտում կենսաբուծման զարգացմանը: Բացի այդ, ուշադրություն կդարձվի անտառային ոլորտի բարեփոխումներին աջակցելուն, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցությանը:
Վրաստանը և Շվեյցարիան դիվանագիտական հարաբերությունները հաստատել են 1992-ի հունիսին: Այդ ժամանակից ի վեր երկրները համագործակցում են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:
2018-ի մայիսից երկրներն ազատ առեւտրի համաձայնագիր են կնքել: Վրաստանի և Շվեյցարիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 168,7 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել է 106,8 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը Վրաստան՝ 61,9 միլիոն ԱՄՆ դոլար: