Այսօրվանից Վրաստանում տուգանվում են հին պետհամարանիշներով մեքենաների վարորդները: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Հին տիպի գրանցման համարների գործողության ժամկետը լրացել է 2021 թվականի մարտի 31-ին: Ակնկալվում էր, որ փոխարինման գործընթացը կտևի մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետները փոխվեցին:
Այսօրվանից հին համարանիշերով ավտոմեքենայով երթևեկությունը համարվում է վարչական իրավախախտում: Տուգանքը կազմում է 100 լարի: Չվճարելու դեպքում իրավախախտին սպառնում է տուգանք կրկնակի չափով՝ 200 լարի: Իսկ եթե իրավախախտը նշված ժամկետում չի վճարում տուգանքը, ապա նա 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից:
Մարդատար մեքենաների սեփականատերերը կարող են նոր համարների համար դիմել նաև հեռակա, օգտագործելով SAGENCY բջջային հավելվածը: Նոր համարները, որոնք պատվիրվում են ապլիկացիայի միջոցով, կարելի է ստանալ Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալության ցանկացած բաժանմունքում: Վրաստանի ՆԳՆ-ի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եվրոպական ստանդարտին համապատասխանող նոր դիզայնի համարանիշների տրամադրումը սկսել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: Հին համարանիշները կարելի է փոխանակել նորերով, առանց լրացուցիչ վճարի: