Ապրիլի 1-ից Վրաստանում կսկսեն տուգանել հին տիպի պետհամարանիշներով մեքենաների վարորդներին: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Հին տիպի գրանցման համարների գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի մարտի 31-ին: Ակնկալվում էր, որ փոխարինման գործընթացը կտևի մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետները փոխվեցին:
Հինգշաբթի օրվանից «հին պետհամարանիշներով» մեքենա վարելը կհամարվի վարչական իրավախախտում:
Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալության Ախալցիխեի Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակչությանը սպասարկելու համար, ամեն ուրբաթ գալիս են Ախալքալաք: Ամեն ուրբաթ Սպասարկման կենտրոնի մոտ երկար հերթեր են, սակայն վերջին ամսվա ընթացքում հերթերն ավելի են մեծացել: Վարորդները բողոքում են Սպասարկման կենտրոնի աշխատակիցների վերաբերմունքից և մտահոգված են, որ սպասարկման կենտրոնի նման տեմպերով աշխատելու դեպքում նրանք ժամանակին չեն հասցնի փոխել մեքենայի պետհամարանիշները:
Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալությունը հիշեցնում է, որ պետհամարանիշները փոխարինելու համար այլևս անհրաժեշտ չէ մեքենան տանել շրջանային սպասարկման կենտրոններ: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ մեքենան գրանցված չէ տվյալ անձի անունով, կամ երբ փոխվել են այնպիսի հատկությունները, ինչպիսիք են՝ թափքի տեսակը, գույնը, վառելիքի տեսակը, շարժիչի համարը կամ չափը և այլն: Ավտոմեքենաների սեփականատերերը կարող են հեռահար ձևով պահանջել նոր պետհամարանիշները՝ օգտագործելով SAGENCY բջջային հավելվածը: Դա անելու համար հարկավոր է գրանցվել և լրացնել անհրաժեշտ դաշտերը:
SAGENCY-ի միջոցով պատվիրված նոր համարները կարելի է ձեռք բերել գործակալության ցանկացած մասնաճյուղում `ամբողջ հանրապետության մասշտաբով: Մեքենայի սեփականատերը նախապես պետք է նշի համապատասխան մասնաճյուղը:
Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությունը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար թողարկել եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր դիզայնի համարանիշներ: