«Մարտ ամսին կորոնավիրուսի տարածման մակարդակը չի նվազում, այլ հակառակը՝ պարբերաբար վատթարանում է», – Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ նրա՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն աճում է:
«Վրաստանի համար օրական 300-400 դեպքը քիչ չէ, այսինքն՝ ակտիվ դեպքերի քանակը հետզհետե ավելանում է, ինչը մատնանշում է, որ մենք պետք է ահազանգենք, որովհետև հանկարծ երկրում հնարավոր է կտրուկ աճ լինի, – ասել է Գամկղրելիձեն:
Ըստ նրա՝ երկրում գոյություն ունի երրորդ ալիքի իրական վտանգ:
«Ես ընդգծում եմ, որ կա երրորդ ալիքի հավանականություն և իրական ռիսկ, և մենք դրա մասին պետք է հնարավորինս իրազեկենք բնակչությանը: Պատվաստումն արագ ազդեցություն չի ունենա վարակի շրջանառության նվազեցման վրա, ուստի խորհուրդ է տրվում հետևել հիմնական հանձնարարականներին, որոնց մասին մենք խոսում ենք: Դիմակի կրելու մակարդակն այժմ իջել է 43 տոկոսի՝ 50 տոկոսից ցածր է, ինչը համարվում է տագնապալի: Եթե մենք ունենանք դիմակ կրելու 90 տոկոսանոց ռեժիմ, ապա կարող ենք խուսափել երրորդ ալիքից: Դիմակ կրելու հետ մեկտեղ կարևոր է թույլ չտալ զանգվածային հավաքները, պահպանել հեռավորությունը և հիգիենայի կանոնները», – ասել է Գամկղրելիձեն: