Վենետիկի հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել, որով խորհուրդ է տալիս Վրաստանին վերանայել Ընտրական օրենսգիրքը, «քաղաքական միավորումների մասին» օրենքը եւ խորհրդարանի կանոնակարգի բարեփոխումը:

2020 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կառավարող կուսակցությունը որոշել է Վենետիկի հանձնաժողով ուղարկել իր օրենսդրական նախաձեռնությունը գնահատելու համար, ըստ որի՝ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ներկայիս բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող են զրկվել պետական ֆինանսավորումից, իսկ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը»՝ գրանցումից:

Վրաստանում այս նախաձեռնությունը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես ընդդիմության, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Վենետիկի հանձնաժողովն իր այսօրվա հայտարարության մեջ ևս մտահոգություն է հայտնել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Ի՞նչ էր առաջարկում «Վրացական երազանքը»

Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի համաձայն՝ հիմնական փոփոխությունները մտցվում են «քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրենքում, որոնց համաձայն՝ կուսակցությունը կարող է բյուջեից ֆինանսավորում ստանալ միայն այն դեպքում, եթե նրա պատգամավորների առնվազն կեսը չհրաժարվի մանդատներից:

Կուսակցությունը նաեւ չի կարողանա տարեկան ֆինանսավորում ստանալ, եթե նրա պատգամավորների կեսը անհարգի պատճառներով բաց թողնի նախորդ նստաշրջանի բոլոր նիստերը:

Բացի այդ, ֆինանսավորումից զրկված կուսակցություններն այլեւս չեն կարողանա անվճար եթերաժամ ստանալ նոր նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Փաթեթի երկրորդ օրինագիծը նախատեսում է քաղաքական կուսակցության ընտրական գրանցման վերացում, նախընտրական քարոզչության ընթացքում, որին քաղաքական առաջնորդի կարգավիճակում մասնակցում է այն անձը, որը չի բավարարում Սահմանադրությամբ սահմանված որևէ ցենզ՝ ակտիվ ընտրական իրավունքի իրականացման համար:

Ի՞նչ դուր չի եկել Վենետիկի հանձնաժողովին

Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքում փոփոխությունները հանձնաժողովը համարում է «չարդարացված ագրեսիվ, չափից դուրս եւ անհամաչափ միջոց»՝ նշելով, որ Վրաստանի խորհրդարանի աշխատանքին մասնակցությունը քաղաքական կուսակցությունների միակ նպատակը չէ:

«Խորհրդարանում աշխատելը կուսակցությունների միակ նպատակը չէ, ինչը նույնպես արտացոլված է «քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում, որտեղ նշված է, որ կուսակցությունները պետք է ֆինանսավորում ստանան կուսակցական գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ կուսակցական համակարգի զարգացման համար:

Նույնիսկ այն իրավիճակներում, երբ խորհրդարանի ընտրված անդամների մեծամասնությունը հրաժարվում է աշխատել խորհրդարանում, քաղաքական կուսակցությանը զրկել ամբողջ պետական ֆինանսավորումից, դա չարդարացված ագրեսիվ, չափից ավելի եւ անհամաչափ միջոց է», — ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:

Որոշ դեպքերում նման ֆինանսավորման բացակայությունը քաղաքական կուսակցություններին զրկում է ընդհանրապես գործելու հնարավորությունից, նշված է զեկույցում:

Բացի այդ, եվրոպացի փորձագետները նշում են, որ քաղաքական կուսակցությունների, այլ ոչ թե խորհրդարանի առանձին անդամների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը անհամաչափ է եւ հակասում է Վրաստանի խորհրդարանի կանոնակարգին:

«Խորհրդարանական գործունեությանը չմասնակցող կուսակցությունների դեմ նման լայն պատժամիջոցներ գոյություն չունեն Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ անդամ ոչ մի երկրում», — ընդգծված է Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականում:

Հանձնաժողովն անընդունելի է համարում քաղաքական կուսակցություններին անվճար եթերային ժամանակի իրավունքից զրկելու հեռանկարը:

«Մենք գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները խախտում են քաղաքական կուսակցությունների հավասար հնարավորություն ունենալու իրավունքը, նրանց զրկում են անվճար եթերաժամից, եթե կուսակցությունը պետական ֆինանսավորում չի ստանում:

Այդ կուսակցությունների համար անվճար եթերաժամ տրամադրելու մերժումը «անհամաչափ եւ չհիմնավորված» է, քանի որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող հենց այդ կուսակցություններն են իրենց հայացքներն արտահայտելու եւ ընտրազանգվածին ծրագիր ներկայացնելու համար անվճար եթերաժամ տրամադրելու կարիք ունենում։

Ավելին, գոյություն չունի ապացուցված կապ անվճար եթերաժամ տրամադրելու և պետական ֆինանսավորում ստանալու միջև, ինչը կարող էր արդարացնել այդ քայլը: Բացի այդ, այդ սահմանափակումը չի համապատասխանում հանրային շահերին, քանի որ սահմանափակում է այն տեղեկատվության հասանելիությունը, որն անհրաժեշտ է հանրությանը ընտրությունների ընթացքում գիտակցված ընտրություն կատարելու համար», – ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:

Քննադատության է ենթարկվել նաև կուսակցություններին գրանցումից զրկելու նախաձեռնությունը, ինչը նույնպես համարվել է «անհամաչափ միջոց»:

«Որպես քաղաքական առաջնորդ հանդես եկող անձի՝ օտարերկրյա քաղաքացիության հետ կապված կուսակցական ցուցակի գրանցումը չեղյալ հայտարարելու սանկցիան անհամաչափ միջոց է, քանի որ դա կտրուկ սահմանափակում է կուսակցական ցուցակով թեկնածու ընտրվելու իրավունքը եւ սահմանափակում է ընտրողների ընտրության իրավունքը», — նշված է եզրակացության մեջ:

Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում «քաղաքական առաջնորդ» հասկացության հստակ եւ օբյեկտիվ չափանիշների բացակայության կապակցությամբ:

«Դա կարող է հանգեցնել տվյալ տերմինի չափազանց սուբյեկտիվ եւ ոչ միանշանակ մեկնաբանման եւ, որպես հետեւանք, իրավաբանական անորոշության», — նշված է եզրակացության մեջ: