Երբ մենք մի բաժակ ջուր ենք խմում, գրում ենք տետրերում, մրսածության դեմ դեղորայք ենք ընդունում կամ տուն ենք կառուցում, մենք միշտ չէ, որ դա կապում ենք անտառների հետ։ Եվ դեռ, այս եւ շատ այլ ասպեկտներ մեր կյանքում ինչ-որ կերպ կապված են անտառների հետ:
Անտառները, դրանց կայուն կառավարումը եւ ռեսուրսների օգտագործումը առանցքային դեր են խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ նպաստում ներկայիս եւ ապագա սերունդների բարգավաճմանն ու բարեկեցությանը: Անտառները նույնպես կարեւոր դեր են խաղում աղքատության դեմ պայքարում:
Չնայած այդ բոլոր անգնահատելի բնապահպանական, տնտեսական, սոցիալական և բժշկական հատկություններին, անտառների գլոբալ հատումները շարունակվում են սպառնացող տեմպերով:
2021 թվականին Անտառների միջազգային օրվա թեման է «անտառների վերականգնումը. ճգնաժամից դուրս գալու ուղին եւ բարեկեցությունը»: Անտառների վերականգնումը եւ կայուն կառավարումը նպաստում են կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության հետ կապված ճգնաժամերի հաղթահարմանը:
Այն նաեւ ապահովում է ապրանքների եւ ծառայությունների արտադրությունը՝ ի շահ կայուն զարգացման, նպաստելով տնտեսական գործունեությանը, որը ստեղծում է աշխատատեղեր եւ բարելավում է կենսապայմանները:
Այս տարվա թեման տեղավորվում է ՄԱԿ-ի էկոհամակարգերի վերականգնման տասնամյակում (2021-2030 թթ.), որը կոչ է անում պաշտպանել եւ վերականգնել էկոհամակարգերը ամբողջ աշխարհում:
2012 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Անտառների միջազգային օր: Այս օրը նշվում է ի նշանավորումն անտառների բոլոր տեսակների կարեւորության եւ դրանց դերի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Անտառների յուրաքանչյուր միջազգային օր անցկացվում է տեղական, ազգային եւ միջազգային մակարդակներում անտառների եւ ծառերի հետ կապված միջոցառումների, օրինակ՝ ծառատունկի արշավների կազմակերպման ուղղությամբ երկրների ջանքերին աջակցելու նպատակով: Անտառների յուրաքանչյուր միջազգային օրվա հիմնական թեման ընտրում է անտառների համատեղ գործընկերությունը։