Եֆրեմովկայում պնդում են, որ թրաֆիքինգի գործը սարքած է, և հարցաքննությունից հետո բերման են ենթարկվել նաև եղբայր և քույր Քաշումյանները, որոնց իբր գերության մեջ էին պահում և ստիպում աշխատել: Jnews- ը փորձել է ճշտել այս տեղեկատվությունը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում թրաֆիքինգի փաստի մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ը մարտի 16-ին: Պնդելով, որ Եֆրեմովկա գյուղի բնակիչները գերության մեջ են պահում ՀՀ երեք քաղաքացիների, ստիպում են նրանց բռնի աշխատել և չեն վճարում իրենց աշխատանքի դիմաց: Այս հանցագործության մեղադրանքով, ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Եֆրեմովկա գյուղի բնակիչներ, հայր ու որդի՝ Բայկալ և Մուշավան Ծառուկյաններին:

Ծառուկյանների ընտանիքում դեռ չեն կարողանում ուշքի գալ անսպասելի զարգացումներից ու հոր և որդու ձերբակալման վշտից: 1990 թ.-ին ընտանիքը Փոքր Արագյալից տեղափոխվել է Եֆրեմովկա գյուղ: Նրանք վերանորոգել են կոլտնտեսության գոմը և սկսել զբաղվել անասնապահությամբ:

Ընտանիքի անդամները կարծում են, որ հոր և որդուն առաջադրված մեղադրանքը հիմք չունի, և որ քույր ու եղբայր Քաշումյանները չէին կարող այս ամենը դասավորել և հորինել:

«Իմացեք, թե ինչ են ասում գյուղում այս երկու մարդկանց մասին: Կարծում եմ, որ ինչ-որ մեկը սովորեցրել է այս աշխատողներին, ինչ-որ մեկն այս գործը կազմակերպել է, ինձ այդպես է թվում», – ասում է Արտակ Ծառուկյանը:

Եֆրեմովկա գյուղում շատ բնակիչներ անասնապահական ֆերմաներ ունեն: Ֆերմերները հաճախ աշխատանքի են ընդունում Հայաստանի քաղաքացիների: Քաշումյանների ընտանիքն Եֆրեմովկա է ժամանել Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Դալարիկ գյուղից: Նրանք աշխատում էին 2016 թվականից: Հայաստանում ընտանիքը շատ պարտքեր ու վարկեր ուներ:

Ըստ Բայկալ Ծառուկյանի կնոջ՝ Մանիկի, Քաշումյանների ազգականը, ով աշխատում էր գյուղում, խնդրել էր Ծառուկյաններին նրանց աշխատանքի ընդունել:

«Մենք նրանց բերեցինք, աշխատանք տվեցինք: Նրանք նորմալ աշխատում էին, պարտք ունեին, աշխատում էին իրենց պարտքերը փակում: Սահմանի փակումից առաջ նրանք հաճախ գնում էին Հայաստան և վերադառնում, նրանք ազատ էին և չէին բողոքում: Իսկ եղբոր և քրոջ անձնագրերը նրանց մայրն իր հետ տարել էր, ով մինչ համավարակը մեկնել էր Հայաստան, ամուսնու մահվան պատճառով: Այնուհետև սահմանը փակվեց, նա այլևս չկարողացավ վերադառնալ: Մենք նրանց սննդով ևս ապահովում էինք: Հունան Քաշումյանի կինն ու երեխաները եկել էին այստեղ՝ ամուսնու մոտ, բայց նրանք իրար հետ չհարմարվեցին, և նա թողեց հեռացավ », – ասում է Մանիկ Ծառուկյանը:

efremovka

Հունան Քաշումյանի եղբայրը ևս աշխատել է Ծառուկյանների մոտ, սակայն նա գնացել է, հետո մայրն է գնացել, մնացել էին քույր ու եղբայր: Քաշումյանների ընտանիքը խնդրել էր Ծառուկյանին փակել իրենց պարտքը խոստանալով, որ կաշխատեն և կմարեն այն: Բայց առանց պարտքը մարելու, ավագ եղբայրն ու մայրը հեռացել էին: Այստեղ մնացել էին Հունանը փոքրիկ դստեր հետ, որին մայրը թողել ու հեռացել էր, և Հունանի քույրը՝ Անին: Երեխան ծնվել էր Նինոծմինդայում և առանց փաստաթղթերի էր, ուստի նրան չէին կարողացել տանել Հայաստան:

Ըստ Եֆրեմովկայի բնակիչ Ցիալա Ծառուկյանի, եղբայրն ու քույրը նույնպես ուզում էին առանց պարտքը վճարելու մեկնել:

«իսկ ինչ է Ծառուկյանը չէր կարող պահանջել վճարել պարտքը: Նախ, եթե նա աշխատավարձ չէր վճարում, ապա ինչպես էին նրանք իրենց պարտքերը փակում Հայաստանում: Ինչ վատ բան կա նրանում, եթե մարդը պահանջել է փակել պարտքը, հետո միայն տեղափոխվել Հայաստան: Եթե յուրաքանչյուր աշխատող այդպես վարվի, ապա ինչ անի ֆերմերը », – ասում է Ցիալա Ծառուկյանը:

Ծառուկյանների անասնաֆերմայում աշխատում է 5 մարդ: Գառնիկ Վարդանյանը նույնպես աշխատում է այդ ֆերմայում:

«Ես 6 տարի աշխատել եմ Ծառուկյանների մոտ և շատ գոհ եմ», – ասում է Գառնիկ Վարդանյանը:

Ըստ Մանիկ Ծառուկյանի, բոլոր աշխատողներին կանչել են Ախալցիխե, հարցաքննել ու բաց թողել: Հարցին, թե որտեղ են Քաշումյաններն ու երեխան՝ Մանիկ Ծառուկյանը պատասխանեց, որ նրանց բերման են ենթարկել, իսկ երեխային ուղարկել են մանկատուն:

Սակայն, ՆԳՆ-ն չհաստատեց Քաշումյանների ձերբակալման մասին փաստը, ասելով, որ այս գործով բերման են ենթարկվել միայն երկու մեղադրյալներ` հայր և որդի Ծառուկյանները: