Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստման արդյունքում անաֆիլակտիկ ցնցում ստացած 27-ամյա բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի, նրա վիճակը մնում է ծանր, նրան պահում են արհեստական կոմայի մեջ:
Այսօր Վրաստանում, Ախալցխայում «AstraZeneca»-ով պատվաստման ընթացքում տեղի է ունեցել առաջին լուրջ (նախնական) անաֆիլակտիկ ռեակցիան` հետագա բարդություններով: 27-ամյա բուժքրոջը արհեստական կոմայի մեջ են մտցրել՝ պահելով արհեստական շնչառության տակ:
Բուժքույրը պատվաստումից առաջ հարցազրույց էր տվել տեղի հեռուստաընկերությանը: Նա բոլորին հորդորել էր պատվաստվել: Թեև, պատվաստանյութը ներարկելուց 30 րոպե անց նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ ռեակցիա: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ բուժքույրը ստացել է առաջին բուժօգնություն, սակայն նրա վիճակը կտրուկ վատացել է, և նա միացված է արհեստական շնչառության սարքին:
«Պացիենտի վիճակը ծանր է և լուրջ ուշադրություն է պահանջում: Հիվանդին տեղափոխում են Թբիլիսի», – ասել է Գամկղրելիձեն արտակարգ ճեպազրույցում:
«Բոլոր պատվաստանյութերն ունեն իրենց կողմնակի ռեակցիաները: Վրաստանում պատվաստվել է 3325 մարդ, միայն 4 դեպքում եղել են լուրջ կողմնակի ռեակցիաներ: Առաջին լուրջ ռեակցիան տեղի է ունեցել այսօր Ախալցիխեում՝ «Իմեդի» կլինիկայում: Այնտեղ պատվաստվել է 16 մարդ», – ասել է Գամկղրելիձեն:
Ըստ նրա, անաֆիլակտիկ ռեակցիան տեղի է ունենում ներարկումից 15 րոպե անց, կամ գուցե ավելի ուշ: Անաֆիլակտիկ ռեակցիաները կարող են լինել ծանր կամ մեղմ ընթացքով: Դա կարող է նաև լինել ճակատագրական: Նա նաև նշել է, որ պատվաստված 5 միլիոնից միայն 41-ն են ունեցել լուրջ անաֆիլակտիկ ռեակցիա: