Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Արգելքը սահմանվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով:

Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:

Արգելքը տվյալ հատվածում կգործի առնվազն մեկ օր, իսկ հետո կախված է եղանակային պայմաններից:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: