Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղում ձերբակալված հայր և որդի Բ.Ծ.-ի և Մ.Ծ-ի ընտանիքի անդամները կտրականապես հերքում են անասնաֆերմայում Հայաստանի հանրապետության երեք քաղաքացիների հարկադրաբար աշխատեցնելու փաստը: Նրանց խոսքով՝ ՀՀ քաղաքացիները վեց տարի եղել են գյուղում, և այս ընթացքում նրանք երբեք չեն բողոքել: Դա հաստատում են Եֆրեմովկայի բնակիչներ նույնպես: Տեղի բնակիչները պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին:

Իրավապահ մարմինների կողմից մարտի 13-ին ձերբակալված Բ.Ծ.-ին և Մ.Ծ-ին, որոնք մեղադրվում են մարդկանց վաճառքի մեջ, դատախազությունը մեղադրանք է առաջադրել մարտի 15-ին: Հետաքննությունը վարում է ՆԳՆ սահմանապահ ոստիկանությունը: Հետաքննությունը պարզել է, որ հայր և որդի՝ Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն Հայաստանի քաղաքացիներ քույր ու եղբոր՝ Ա.Գ-ին և Ա. Գ-ին 2015 թվականին և Խ.Կ.-ին 2016 թվականին լավ աշխատանքի խոստումով, սեփական մեքենայով Հայաստանից տեղափոխել են Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղում գտնվող իրենց անասնաֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել մինչև 2021 թվականի մարտի 9-ը: Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն խլել են Խ.Կ.-ի անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ: Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել՝ նրա նկատմամբ կիրառելով ֆիզիկական ուժ:

Ձերբակալված Մ.Ծ-ի կինը հակառակն է պնդում: Նա ասում է, որ այդ մարդիկ ֆերմայում ունեցել են լավ կենսապայմաններ և բարձր աշխատավարձ:

«Ամուսինս նրանց բերել էր վեց տարի առաջ, ավելի վաղ նրանց ազգականն էր աշխատում մեզ հետ, և նա ասաց, որ նրանք տուն ու աշխատանք չունեն, նրանք օգնության կարիք ունեն: Մենք ապրելու համար երկու տուն տվեցինք, քույր ու եղբայր ապրում էին առանձին, իսկ տղամարդը` նույնպես առանձին: Եղբայրն ու քույրը ֆերմայում էին աշխատում, իսկ այդ մարդը հովիվ էր, մենք ունենք 70 կով: Որքան ես գիտեմ, նրանք ստանում էին 400-ական լարի: Մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել: Նրանք էլ ունեին չորս տարեկան երեխա, և ես հոգ էի տանում նրա մասին ոչ պակաս, ինչպես սեփական երեխաներիս համար: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու նրանք այսպես վարվեցին մեզ հետ, ես չէի սպասում նման բանի», – ասում է ձերբակալվածի կինը:

Նույն ֆերմայի աշխատակից Վարդուշ Բաբոյանը հերքում է ձերբակալվածների կողմից այս աշխատակիցների նկատմամբ ճնշումը: Նա ասում է, որ հայր ու որդի ժամանակին են վճարել երեքի աշխատավարձերը, և նրանք գտնվել են լավ վիճակում:

«Մենք աշխատավարձ ենք ստանում, նրանք էլ են ինձ հետ միասին ստացել: Ես 25 տարի աշխատում եմ այստեղ, միթե՞ այսքան ժամանակ կմնայի այստեղ, եթե նրանք վատը լինեին: Նրանք երբեք չէին բողոքում: Հովիվը մարտի 8-ին լավ ժամանակ էր անցկացրել գյուղացիների հետ, ապա վեր էր կացել ու հարբած քայլել դեպի սահման, որտեղ նրանց ասել էր, որ իր հետ վատ են վերաբերվել: Նա այստեղ ապրում էր վեց տարի, նախկինում ոչինչ չէր ասում, իսկ հիմա ինչու՞ որոշեց, որ ստրկության մեջ է եղել: Նորմալ ապրում էին, լավ հագնվում, գնում էին Նինոծմինդայի սրճարան, զվարճանում: Քննիչին էլ ասացի, որ իրենք են հորինել այս ամենը», – ասում է Վարդուշ Բաբոյանը:

Նույն գյուղի բնակիչ Նարեկ Բաբոյանն ասում է, որ եղբայրն ու քույրը ստիպված էին «այդպիսի սուտ հնարել», որպեսզի գնային Հայաստան:

«Նրանց փաստաթղթերը Հայաստանում են՝ մոր մոտ, նա ավելի վաղ եկել էր և տարել դրանք: Նրանք չէին կարող մեկնել առանց փաստաթղթերի, այնպես որ նրանք մտածել են նմանատիպ մի բան: Ձերբակալվածները չեն չարաշահել նրանց, ես էլ եմ ֆերմայում աշխատել, և գիտեմ դա», – ասում է նա:

Տեղի որոշ բնակիչներ ասում են, որ նրանք հանրահավաք կանցկացնեն, եթե ՆԳՆ-ն ազատ չարձակի ձերբակալվածներին:

«Հայր ու որդի ձերբակալվել են կեղծ տեղեկատվության հիման վրա, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Ինչպես հայտնի է, նրանք Ախալցիխեում են: Մենք կգանք ու հանրահավաք կկազմակերպենք: Պետք է հարցաքննել ամբողջ գյուղը, բոլորս էլ գիտենք, թե այստեղ ինչ և ինչպես է կատարվում», – ասում է Եֆրեմովկայի բնակիչ Սասնուհի Լուլուկյանը:

Ըստ ՆԳՆ-ի, իրավապահները հոր ու որդու հանցագործության մասին իմացել են, երբ ՀՀ քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել անասնաֆերմայից: Նա փորձել է ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, երբ նրան կանգնեցրել է սահմանապահ ոստիկանությունը:

Բ.Ծ-ի և Մ.Ծ-ի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «է» ենթակետերի համաձայն (մարդկանց առևտուր, որն իրականացվել է մի կամ մի քանի անձանց նախնական պայմանավորվածության արդյունքում), որը ենթադրում է 12-15 տարի ազատազրկում:

«Ամբաստանյալները սահմանափակել են ապօրինի կալանքի տակ առած անձանց ազատ տեղաշարժը և անընդհատ հսկել են նրանց՝ ինչպես անձամբ, այնպես էլ նրանց տունը և դրա շրջակա տարածքները», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ sknews