Ախալքալաքի ճանապարհները շատ վատ վիճակում են և իսկապես մարտահրավեր են հանդիսանում վարորդների համար: Քաղաքում փոսային նորոգման, ինչպես նաեւ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման աշխատանքները կսկսվեն եղանակները տաքանալուն պես:
Ախալքալաք քաղաքում՝ վատ ճանապարհների պատճառով, վարորդները կա՛մ պետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ փոսերը շրջանցելու նպատակով ճանապարհի հանդիպակաց գոտի անցնելով, կամ էլ ջարդուխուրդ անեն սեփական մեքենան:
Իրավիճակն առավել բարդ է Ախալքալաքի Ջավախեթի փողոցի դեպքում։ Սա միջպետական նշանակության ճանապարհ է, որտեղով հիմնականում երթևեկում են բեռնատարները: Փողոցի սկզբնամասին մինչև վերջնամաս մեծ և խորը փոսեր են: Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից, ճանապարհների հետ կապված խնդիրը կլուծվի, որոշ փողոցներում տարվում են փոսային նորոգման աշխատանքներ, մյուսներն էլ՝ հիմնանորոգվում են:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի՝ Ազատության փողոցի վերջնամասը (գազալցակայանի դիմաց) այս տարի կհիմնանորոգվի: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 42 920 լարի: Կվերանորոգվի ճանապարհի շուրջ 60 մետրանոց հատվածը: Ազատության փողոցի վերջնամասի հիմնանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել է 230 000 լարի: Նրա խոսքով՝ հենց եղանակային պայմանները բարելավվեն՝ աշխատանքները կսկսվեն, իսկ թե կոնկրետ երբ՝ հայտնի չէ:
Ինչ վերաբերում է Ախալքալաքի կենտրոնական Ազատության և Դարբինյան փողոցների խաչմերուկում անմիջապես լուսացույցի տակ գտնվող ճանապարհափոսերին, ապա դրանք կվերանորոգվեն Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի հետ միասին («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք):
Այս տարածքի վերականգնումն իրականացնում է ՍՊԸ «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը: Ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեի խոսքով, Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգումը կվերսկսվի՝ հենց եղանակներն ամբողջովին տաքանան:
«Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ ենք կվերսկսենք աշխատանքները, քանի որ դա կախված է ոչ թե մեզանից, այլ եղանակից», – ասում է նա:
Հարկ է նշել, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր անցյալ տարի, այս պահին ճանապարհի շուրջ 3 կմ-ն արդեն ասֆալտապատվել է: Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է «Կորխիս Ծղալի» կամրջից:
Հիշեցնենք, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, 2020 թվականի հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով:
Բրատիսլավ Իգիթխանյան