Այս տարի Հայաստանը չի մասնակցում Եվրատեսիլին, իսկ Վրաստանը երգի մրցույթում կներկայացնի երգիչ Թորնիկե Կղիփիանին:
Երգը անգլերենով է և այն միավորում է տարբեր ժանրեր՝ ռոք, փոփ-ռոք և բլյուզ-ռոք: Մրցութային երգը գրել է հենց ինքը՝ Թորնիկեն: Երգը գործիքավորվել է «Bravo Records»-ում, իսկ Թորնիկեի հետ միասին երգի վրա աշխատել է նաև Ալեկո Բերձենիշվիլին: Երգի ձայնագրմանը մասնակցել են Գորիի աղջիկների երգչախումբը, Մարիկո Լեժավան, Մարիամ Շենգելիան և Ալեկո Բերձենիշվիլին:
Տեսահոլովակի ռեժիսորը Թեմո Կվիրկվելիան է: Մրցութային երգի տեսահոլովակը նկարահանվել է մի քանի վայրերում: Հատուկ տեսահոլովակի համար Մարիամ Ալեքսիձեն պար է բեմադրել, իսկ տեսահոլովակում մասնակցում է նրա խումբը: Զգեստների ձևավորումը պատկանում է Քեթի Չխիկվաձեին:
Երգի պրեմիերան կկայանա առաջիկա օրերին՝ Վրաստանի առաջին ալիքով: Այս տարի լայնամասշտաբ մրցույթը տեղի կունենա Ռոտերդամում՝ մայիսի 18-ին, 20-ին և 22-ին: Վրաստանի պատվիրակը կմասնակցի մայիսի 20-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 5-ին հայկական հեռարձակող «AMPTV» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ իրենք հրաժարվում են մասնակցել 2021 թվականի երգի մրցույթին՝ երկրում ստեղծված լարված քաղաքական իրավիճակի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Առաջին ալիքը», Ռուսաստանը «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին կներկայացնի ազգությամբ տաջիկ երգչուհի Manizha-ն: Մրցույթին նա հանդես կգա «Russian Woman» («Ռուս կին») երգով: