Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) հրապարակում է կանանց իրավական կարգավիճակի գնահատականը: Կազմակերպության տարածած տեղեկատվության համաձայն, 2020 թվականի 9 ամիսների տվյալներով, Վրաստանում սպանվել է 19 կին, իսկ ընտանիքի անդամի, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից 20 կանանց նկատմամբ մահափորձ է կատարվել:
Ըստ GYLA-ի, նման ողբերգությունները խստորեն մատնանշում են պետության կողմից ուժեղ, արդյունավետ և համակարգված մեխանիզմների վրա հիմնված քաղաքականության բացակայության վրա:
Կազմակերպության կարծիքով, սեռական բռնությունը շարունակում է մնալ Վրաստանում գենդերային բռնության ամենաթաքնված և անպատիժ ձևերից մեկը: Ըստ GYLA-ի` 2021 թվականի հունվարի տվյալների համաձայն, նախորդ տարվա համեմատ սեռական բռնության դեպքերը աճել են 5 տոկոսային կետով:
«Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Այս տարիների ընթացքում սա նաև հավասար իրավունքների համար պայքարի օրն է: Հայրիշխանական հասարակությունում կանայք և աղջիկները անհավասար վիճակում են գտնվում, գենդերային բռնության դեպքերը հաճախակի բնույթ են կրում, կանանց աշխատանքը մնում է չգնահատված, իսկ կանանց դերը նվազում է:
Վերջին տարիներին Վրաստանը ձեռնարկել է մի շարք տարբեր միջոցառումներ` կանանց իրավունքների և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումից հետո ստանձնած պարտավորությունները կատարելու համար` կանանց հավասարությունը ապահովելու և նրանց բռնությունից պաշտպանելու նպատակով: Չնայած ձեռնարկված քայլերին՝ գենդերային հավասարության հարցը շարունակում է մնալ խնդիր և պահանջում է տարբեր ասպեկտներով կառավարության կողմից աշխատանք:
Կանանց նկատմամբ բռնությունը կանխելու և բռնության փաստերի համար համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար կարևոր է. Ստեղծել համակարգային կանխարգելման մեխանիզմ, որը կծրագրավորի կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Տնտեսական ամրապնդման նպատակով անհրաժեշտ է ներդնել և իրականացնել համապատասխան մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: ՆԳՆ-ն և դատախազությունը պետք է ապահովեն, որ սեռական բռնության բոլոր դեպքերը պատշաճ կերպով արձանագրվեն, հետաքննություններ անցկացնեն գենդերային առումով զգայուն մեթոդաբանությամբ և բոլոր դեպքերում կիրառվի հանցագործության ծանրության համապատասխան որակավորումը: Վրաստանի խորհրդարանը պետք է փոփոխություն կատարի սեռական հանցագործությունների սահմանման մեջ, որի արդյունքում ազգային օրենսդրությունը լիովին կհամապատասխանի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ է նաև քրեականացնել հարկադիր աբորտները և աբորտին դրդելն ու հարկադրելը», – ասվում է GYLA-ի տեղեկատվության մեջ: