Ղադոլարի բնակիչները արդեն 20 տարուց ավելի է կանգնած են խմելու ջուր չունենալու խնդրի առաջ։ Ամեն անգամ դիմում են պատկան մարմիններին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել։ Սակայն քաղաքապետարանից ասում են, որ հարցը արդեն լուծվել է և բնակիչներն այլևս չպետք է խմելու ջրի խնդիր ունենան։

Ըստ բնակիչների և գյուղի մասնագետի ջրագծի խնդիրը կայանում է նրանում, որ Բեժանո գյուղի բնակիչները ջրատարը ծակում են, մեծ անքեր բացում, ըստ այդմ էլ ջուրը չի հասնում Ղադոլար։

«Այն ջրագիծը, որից մենք ենք օգտվում, գալիս է Բեժանոյից: Մեզանից բացի այդ ջրագծից օգտվում է ևս մի քանի գյուղ՝ Լոմատուրցխ, Տուրցխ, Կաջո, իսկ Բեժանոյում այդ ջրագծից 40-50 ընտանիք է օգտվում։ Նախ ջրագիծը շատ հին է, տարեկան 15-20 անգամ վերանորոգում է կատարվել, շահագործման ժամկետը լրացել է, սա էլ մի կողմ թողնենք, այստեղ հիմնական, ամենառաջնային խնդիրը Բեժանոյի բնակիչներն են, քանի որ խողովակները ծակում են դաշտերը ոռոգելու համար: Ոռոգման սեզոնին անձամբ ես, երբ խնդիր է եղել, աշխատել եմ ժողովրդի հետ, ինքս 15 ծորակ եմ անջետել եմ։ Սարսափելի բան է», – ասում է Ղադոլար գյուղի մասնագետ Մկրտիչ Ստեփանյանը։

pulpulak

Ստեփանյանը նաև նշում է, որ պետք է գործի որևիցե մի օրենք, որով հնարավոր լինի պատժել այն անձանց, ովքեր վնասում կամ ծակում են ջրատարը։

«Չկա այն հիմքը, այն փաստաթուղթը, որով կարելի լինի մարդուն ակտավորել, մեր շրջանային ժողովը չունի ընդունած օրենք, որով, որ վնաս տվող մարդուն հնարավոր կլինի օրենքի դաշտ բերել։ Այն բեժանոցիները, ովքեր մեր ջրագծից են օգտվում, մոտ 40-50 տուն, նրանցից ոչ ոք ծորակ չունի, մի ընտանիքին, եթե տանենք 15 մմ խողովակով, բոլորին կհերիքի։ Իսկ բեժանոցիները չունեն 5-15 մմ-անոց անցք, որ գնում տեսնում ենք, գժվել կարելի է, մինիմում 40-50 մմ-անոց են խողովակները»,- ավելացնում է Մկրտիչը։

Ղադոլարից մինչև Բեժանո, ջրի ավազանի հեռավորությունը 8 կմ-ից ավել է։ Ջրագծի խնդիրը ինչպես ղադոլարցիներն են պնդում, միայն Բեժանոյի տարածքում է։ Բեժանոյից մինչև Ղադո գյուղ, մեծ տարածություն է, սակայն ընդհանրապես խնդիր չկա։ Խողովակի գլխավոր հատվածը ձմռան ընթացքում մի անգամ սառել է, սակայն այդ խնդիրն արագ լուծվել է։

Ղադոյի բնակիչները ստեղծված իրավիճակում ելք են առաջարկում, որով հնարավոր է հարցին վերջնական լուծում տալ։

«Խնդրի լուծման ձևը հետևյալն է՝ այդ ջուրը Բեժանոյի մեջից պետք է անցնի անվնաս, եթե հնարավոր է հսկիչ լինի, յուրաքնաչյուր ղադոցի պատրաստ է վճարել, որպեսզի ջուր ունենա, բայց դա մի կողմ, այն տարածքը, որը հիմնականում վնասում են, 2 կմ-ի չափ է, այդ խողովակն էլ արդեն վնասված է, շարքից դուրս է եկել, առաջարկում ենք նոր խողովակաշար անցկացնել և ավելի խորը թաղել»,- ասում են գյուղացիները։

Ղադոլարի մասնագետ Մկրտիչ Ստեփանյանի խոսքերով անցած կառավարության ժամանակ այդ ջրագծի վրա աշխատանքներ տարվել են: Ծախսվել է մոտավոր 280 000 լարի, բայց նախագիծը սխալ է եղել, Բեժանոն շրջանցող ջրագիծ են նախատեսել, որպեսզի բեժանոցիք չխոչընդոտեն և ջուրը նորմալ հասնի նախատեսված գյուղեր:

ghado jurr

«Այն անձինք, որոնք ջուրը ստանում են մեր պապական ջրագծից, որը գալիս է սարից, ջուր ունեն հիմա։ Ջրագիծը պետական բալանսի վրա չէ և ճիշտն ասած չենք էլ ուզում, որ լինի, ինչի՞ չենք ուզում, քանի որ մենք գիտենք, թե ինչպես ենք օգտագործում մեր ջուրը»,- ավելացնում է Ստեփանյանը։

Գյուղի մասնագետը խնդրի մասին տեղյակ է պահել խորհրդարանի պատգամավորին, շրջանային ժողովի նախագահին, քաղաքապետին իրենց թեմի պատգամավորին, ինչպես նաև գրավոր դիմում է ներկայացրել էկոնոմիկայի բաժին։

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով՝ խնդիրն արդեն մեկ տարի է լուծվել է։

«Այս տարի այդ ջրի հարցը լուծվել է: Բնակիչները եկել էին քաղաքապետարան, շատ գոհ էին։ Ձմեռվա ընթացքում մի պահ սառել էր ջրատարի գլխավոր մասը, մաքրեցին և ասացին, որ ամեն ինչ նորմալ է։ Կարող է հիմա, որ բոլորը բաց են թողնում, ջուրը քչացել է։ Կարող է ձմեռվա սեզոնին մի քիչ քչություն է անում։ Հնարավոր է, որ բնակիչները անցք բացած լինեն, ես չեմ կարող ասել հիմա ինչ իրավիճակ է, սակայն դա կարգավորվող հարց է։ Այդ հարցը պետք է լուծի ջրի հիմնարկությունը»,- ասում է քաղաքապետը։

Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանն իր հերթին ասում է. «Վերահսկելու համար պահակ է պետք, ես այդ հնարավորությունը չունեմ, որ պահակի հաստիք բացեմ, պետք է դիմել ընկերությանը։ Սակայն այդ մարդու կանգնելն էլ իրական չէ, ամեն օր պետք է հսկի խողովակաշարը, ջրագծի ամբողջ երկյանքով։ Խողովակը խորը թաղել հնարավոր չէ, կա չափանիշ 0,70-1 մետր է խորությունը։ Տուգանք չկա, եթե մի հոգու տուգանենք, այդ ժամանակ մյուսներն էլ կվախենան», – ասում է Արտակ Թառլամազյանը։

Գայանե Ակոջյան