Արտերկրում ժամանակավոր աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողների համար աշխատանքային միգրացիայի հատուկ պորտալը գոյություն ունի ընդամենը երկու շաբաթ, սակայն այդտեղ արդեն գրանցվել է Վրաստանի ավելի քան 92 քաղաքացի: Այս մասին հայտնում է Զբաղվածության խթանման պետական գործակալությունը:
Առաջին փուլում խոսքը սեզոնային աշխատանքի նպատակով Գերմանիա ուղևորության մասին է:
Գերմանիայի Գյուղատնտեսության և սննդի դաշնային նախարարության կայքը հայտնում է, որ սեզոնային աշխատանքի համար Վրաստանից մեկնելու է ընդամենը 500 քաղաքացի, մինչդեռ այնտեղ աշխատելու ցանկություն է հայտնել ավելի քան 92 հազար քաղաքացի:
Գերմանիայի Զբաղվածության գործակալությունն ընդգծում է, որ վերահսկելու է ֆերմերների և սեզոնային աշխատողների միջև պայմանագրով նախատեսված պայմանների կատարմանը:
Մինչդեռ, Վրաստանի կառավարությանն առընթեր Զբաղվածության խթանման պետական գործակալությունը նշում է, որ ավելի քան 500 մարդ կկարողանա մեկնել արտասահման՝ ժամանակավոր սեզոնային աշխատանքի նպատակով, բայց ոչ բոլոր դիմորդներն են բավարարում սահմանված պահանջները: Պայմանագրերի կնքումը կախված է այն թափուր աշխատատեղերից, որոնք ստացվում են Գերմանիայից, ինչպես նաև նրանց առաջարկած պահանջներից:
Ինչպես պարզաբանում են գործակալությունում, ծրագիրը պետք է սկսվեր 2019 թվականին, սակայն, ելնելով այն բանից, որ այդ ժամանակ համապատասխան բազա չկար, Վրաստանը Գերմանիային առաջարկել էր 500 աշխատողի, թեև այժմ ռեսուրսն ավելացել է, և հիմա շատ ավելի շատ դիմողներ կան:
Գործակալությունը թվարկել է նաև Վրաստանի քաղաքացիների ծախսերը՝ սեզոնային աշխատանքի նպատակով Գերմանիա մեկնելու համար: Դրանք են՝ անձնագրի պատրաստում (դրա բացակայության դեպքում), ինքնաթիռի տոմսի արժեք (երկու ուղղություններով), առողջության մասին տեղեկանք («ձևաթուղթ №100»), դատապարտվածության մասին տեղեկանք (այն անվճար է տրվում միայն տաս օրվա ընթացքում), կորոնավիրուսի «PCR» թեստ:
Քաղաքացիները առնվազն մեկ ամիս շուտ կտեղեկացվեն, որ նրանք արտասահմանում աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն: Գործակալությունը նշում է, որ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր կաշխատեն բարեխղճորեն, հաջորդ սեզոնին կկարողանան կրկին հրավեր ստանալ արդեն անձամբ ֆերմերներից:
Հայտնի է նաև, որ սեզոնային աշխատողների կացարանները պետք է գտնվեն աշխատավայրին մոտ, իսկ դրա օրական արժեքը չպետք է գերազանցի 6-15 եվրոն:
Միևնույն ժամանակ, գերմանացի գործատուները պարտավորվում են վճարել ապահովագրության համար:
Ինչպես պարզվում է, արտերկրում սեզոնային աշխատանքի մեկնելու հայտերի ամենամեծ թվաքանակը Թբիլիսիից է, որին հաջորդում է Աջարիան:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացական աշխատուժի աշխատանքի տեղավորման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի հունվարի 17-ին:
Խոսքը միայն Գերմանիայում գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից:
Սեզոնային աշխատանքի դիմողը պետք է լինի Վրաստանի 18-ից 60 տարեկան քաղաքացի և Գերմանիա մեկնելուց առաջ 3 ամսվա ընթացքում չպիտի մեկնած լինի Շենգենյան գոտու երկրներ: Դիմորդը պետք է լինի ֆիզիկապես առողջ և պետք է ունենա բերքահավաքի աշխատանքներում փորձ և մոտիվացում: Բացի այդ, երկիր մուտք գործելիս սահմանափակող որևէ հանգամանք չպիտի լինի, ինչպես նաև հաղորդակցման տարրական մակարդակով պետք է տիրապետի գերմաներեն կամ անգլերեն լեզուներին: Լեզվի իմացության պահանջը որոշելու է գործատուն:
Ինչ վերաբերում է Գերմանիայում աշխատելու տևողությանը, ապա այն մեկից երեք ամիս է, աշխատանքային գրաֆիկը շաբաթը հինգից վեց օր է` օրական ութից տաս ժամ: Նվազագույն աշխատավարձը (փոխանցված) մեկ ժամում 9,50 եվրո է` հարկերը, սննդի և բնակության ծախսերը չհաշված:
Գրանցվելուց հետո Զբաղվածության խթանման պետական գործակալության աշխատակիցները, եթե կոնկրետ թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկություններ են ստանում, ապա կապ են հաստատում աշխատանք փնտրողների հետ: Սպասարկման կենտրոն ներկայանալու ժամանակ, դիմումատուն պետք է ունենա անձը հաստատող էլեկտրոնային քարտ և (կամ) Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր:
Կոնկրետ թափուր աշխատատեղի համար դիմողների տվյալները տրամադրվում են գերմանացի գործատուին, ով ընդունում է աշխատանքի ընդունման վերջնական որոշումը: Գերմանացի գործատուի դրական պատասխանի դեպքում՝ կազմվում է աշխատանքային պայմանագիր, որը կողմերի միջեւ կստորագրվի մինչև Գերմանիա մեկնելը: