Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ժողովների վերջին օրն է, որոնց ժամանակ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ընտրվում են առաջնահերթ աշխատանքները: Jnews- ը մասնակցել է այդ հանդիպումներին Խորենիա, Մարտունի և Խոսպիո գյուղերում:

Փետրվարի 25-ին, առավոտյան 11: 00-ին Խորենիա գյուղի բնակիչները հավաքվել էին Մշակույթի տան շենքի դիմաց: Հավաքվել էր մոտ 30 մարդ: Խորենիայի բնակիչներին առաջնահերթություններն ընտրելու հարցում օգնելու նպատակով գյուղ էին եկել՝ Բավրայից պատգամավոր ընտրված Էդիկ Բերիկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, քաղաքապետարանի իրավաբանական ծառայության վարչա-իրավական բաժնի պետ Վրեժ Բերիկյանը և գյուղի լիազոր Արկադի Ֆիդանյանը:

Առաջնային աշխատանքների քննարկումն ացավ շատ էմոցոնիալ և աղմկոտ: Բնակիչները ցանկանում էին ծրագրից ստացված գումարն օգտագործել ծիսակատարությունների տուն ծառայող Մշակույթի տան վերանորոգումն ավարտին հասցնելու համար: Երեք տարի, բացի անցյալ տարվանից, գյուղի ՕԳԾ-ից ստացված գումարը ծախսվում էր Մշակույթի տան վերանորոգման վրա: Անցյալ տարի ՕԳԾ-ի գումարն արգելվեց ծախսել ակումբների և ծիսակատարությունների տների համար, և գյուղի բնակիչներն անցկացրեցին փողոցային լուսավորություն: Այս տարի ևս չի թույլատրվում ակումբի վերանորոգումը ներառել այս տարվա առաջնահերթությունների շարքում: Եվ սա դժգոհություն առաջացրեց բնակիչների շրջանում:

Խորենիայում ՕԳԾ-ով ստացված գումարն այս տարի ևս 16 000 լարի է:

«Մեզ պետք է գազ և էլեկտրականություն անցկացնել այս շենքում, սա է մեզ հարկավոր, իսկ այն, ինչ առաջարկում են նրանք, մեզ պետք չէ», – ասում է Սարիբեկ Կիրակոսյանը:

Արամ Ֆիդանյանը առաջարկեց խմելու ջրավազանը, որը գտնվում է Աբուլ գյուղում, ցանկապատել, ինչպես նաև փակել այն տեղերը, որտեղ ջուրը հոսում է բաց:

Երկար ու բուռն քննարկումներից հետո որոշեցին ամրագրել երեք աշխատանքեր: Առաջինը Մշակույթի տան (ծիսակատարությունների տուն) համար գույքի գնումն է: Երկրորդը՝ արտաքին լուսավորությունը, իսկ երրորդը՝ խմելու ջրավազանի ցանկապատումը և անասունների համար ջրամբարի կառուցումը: Լիազոր Արկադի Ֆիդանյանի հետ միասին որոշ բնակիչներ որոշել էին այսօր՝ փետրվարի 26-ին, հանդիպել քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ և կրկին փորձել խոսել Մշակույթի տան վերանորոգման հնարավորության մասին:

Խոսպիո և Մարտունի գյուղերի բնակիչները հավաքվել էին ծիսակատարությունների տան շենքի մոտ: Հանդիպումն անցկացվեց դրսում: Այստեղ էլ, ինչպես Խորենիա գյուղում, մոտ 30 մարդ էր հավաքվել:

Այս տարի Խոսպիո և Մարտունի գյուղերը որոշեցին իրենց հատկացված գումարը ծախսել առանձին-առանձին: Գյուղերից յուրաքանչյուրին հատկացվել է 12 000 լարի: Անցյալ տարի նրանք միացրել էին իրենց գումարները և կառուցել մանկական խաղահրապարակ:

Այս տարի յուրաքանչյուր գյուղ ամրագրել է երեքական աշխատանք: Քննարկումն ընթացավ հանգիստ և երկար չտևեց:

Խոսպիո գյուղում ոպրես առաջնահերթություն ամրագրվեց խմելու ջրագծի վերականգնումը, արտաքին լուսավորությունը և գերեզմանոցի ցանկապատումը:

xospiya pps

Մարտունի գյուղում ամրագրվեցին հետևյալ երեք աշխատանքները. Անասունների ջրամբարի վերականգնում և նորի կառուցում, արտաքին լուսավորություն և կոյուղու կենտրոնական համակարգի կառուցում:

Գյուղերից և ոչ մեկը չի ընտրել մեկ առաջնահերթ աշխատանք: Նրանք որոշել են կրկին քննարկել և առաջնահերթությունների արդեն նեղ շրջանակից կատարել իրենց ընտրությունը:

Նշենք, որ գյուղերում հավաքներից ոչ մեկում ներկա չէր գոնե մեկ կին:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետին ՕԳ ծրագրի շրջանակներում հատկացվել է 922 000 լարի:

Սկսվել է «Օգնություն գյուղին» ծրագիրը