Ախալքալաքի զարգացման խումբը (LAG), «Ախալքալաքում երիտասարդական կրթական և թվային կենտրոնների ստեղծում» ծրագրով, «Խելացի գյուղեր» նախաձեռնության շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ և Գոգաշեն գյուղերում հիմնել է երիտասարդական կրթական կենտրոններ (ՀԱԲ):

Ախալքալաքի զարգացման խումբն (LAG) այս ծրագրի համար ընտրել է Խավեթ և Գոգաշեն գյուղերը, քանի որ դրանք շատ հեռու են գտնվում Ախալքալաքից:

«Քանի որ այս գյուղերը շատ հեռու են Ախալքալաքից, մենք որոշեցինք այնտեղ ստեղծել հարմարություններ, որպեսզի երիտասարդները, մեծահասակները, ուսուցիչները, ֆերմերները կարողանան առցանց անցկացնել դասընթաց-թրեյնինգներ: Մենք ձեռք ենք բերել գույք, որպեսզի երիտասարդական կենտրոնը լիարժեք աշխատի », – ասաց ծրագրի ղեկավար Սերգեյ Խաչատուրյանը:

Այս գյուղերի դպրոցներում ստեղծվել են նորարարական ուսումնակրթական կենտրոններ: Յուրաքանչյուր գյուղ ստացել է 4 համակարգիչ, մեծ հեռուստացույց, սեղաններ, աթոռներ և այլ գույք: Ծրագրի շրջանակներում իրականացվել են տարբեր թրեյնինգներ՝ հոգեբանության, գենդերի վերաբերյալ, ինչպես նաև դասընթացներ ֆերմերների համար: Թրեյնինգներն անց են կացվել երկու լեզուներով` հայերեն և վրացերեն: Անցկացվել են նաև վրացերենի և անգլերենի դասեր:

Նախագիծը կտեւի 6 ամիս: Նախագծից հետո ամբողջ գույքը կմնա դպրոցին:

molodej1

Խավեթ գյուղի երիտասարդական կենտրոնում, ըստ Սերգեյ Խաչատուրյանի, անցկացվում են անգլերենի առցանց դասեր, Գոգաշեն գյուղում անցնում են աշխարհագրության դասեր:

Ծրագրին իրականացվում է Գյուղի զարգացման և գյուղատնտեսության եվրոպական հարևանության ծրագրի (ENPARD III) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ: Նախագծի բյուջեն կազմում է 15 000 ԱՄՆ դոլար: