Արտերկրում բնակվողների համար Վրաստանի քաղաքացիության վերականգնման և պահպանման ժամկետները կերկարաձգվեն եւս երկու տարով: «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը պատրաստել է Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը:
Մինչեւ 2018 թվականի հուլիս Վրաստանի քաղաքացիներին արգելվում էր ունենալ ցանկացած այլ երկրի քաղաքացիություն: Այս իրադրությունը փոխվեց 2018 թվականի հուլիսի 21-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա: Մասնավորապես, Վրաստանի նախկին քաղաքացիները արդեն կարող էին պահանջել իրենց կորցրած քաղաքացիության վերականգնումը: Այլ երկրում քաղաքացիություն ստացած արտագաղթողներին թույլատրվում էր դիմել Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջով:
Վրաստանի քաղաքացիներն ու նախկին քաղաքացիները կարող էին այդ իրավունքներն իրագործել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այժմ, եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, այս ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսպիսով, նրանք, ովքեր ցանկանում են վերականգնել կամ պահպանել Վրաստանի քաղաքացիությունը, կունենան ևս երկու տարի՝ դիմելու համապատասխան մարմիններին և զբաղվել փաստաթղթերով:
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ վերջնաժամկետն երկարաձգելն անհրաժեշտ է, քանի որ շատերը չէին կարողացել օգտվել ընձեռված հնարավորությունից մինչև 2020 թ.-ի վերջը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Միևնույն ժամանակ, օրենքի նախագծի բացատրական քարտի մեջ նշվում է, որ վրացի արտագաղթողները շատ ակտիվորեն օգտագործում էին քաղաքացիությունը պահպանելու և վերականգնելու հնարավորությունը:
Մասնավորապես, 2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու պահանջով Պետական ծառայությունների զարգացման գործակալություն են դիմել 1935 նախկին քաղաքացիներ, 2019 թ.-ին՝ 2044, իսկ 2020 թ.-ին՝ 1 217:
2018-ին Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջ ներկայացրած անձանց թիվը կազմել է 3 120, 2019 թ.-ին` 7 234, իսկ 2020 թ.-ին` 3 186: