Անցյալ տարվա մարտից Ախալքալաքում բնականոն կյանքը կտրուկ փոխվեց: Համավարակի մեկնարկից հետո ախալքալաքցիների առանց այն էլ ձանձրալի և միապաղաղ առօրյան կորցրեց իր հազվագյուտ երանգները:

Կորոնավիրուսի պատճառով սկզբում փակվեցին սահմանները, այնուհետև՝ պետական հաստատությունները, արգելվեցին առևտուրը, իսկ հետո էլ բազմամարդ հարսանիքներն ու թաղման արարողությունները:

Հարսանիքը դա մի իրադարձություն է, որին Ախալքալաքում պատրաստվում էին երկար ժամանակ և անխնա ծախսում էին: Համավարակը փոխեց ամեն ինչ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում 2020 թվականին պսակադրվել է 90 զույգ, իսկ 2021 թ.-ին՝ միայն երկուսը: Կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները շատ ծնողների ստիպեցին մասնակցել իրենց երեխաների հարսանիքին առցանց… Ամենաեկամտաբեր «հարսանեկան բիզնեսը» կանգ է առել՝ թողնելով շատերին առանց եկամտի աղբյուրի:

Երբ ծնողը չի կարող ներկա գտնվել սեփական երեխայի հարսանիքին

Փակված սահմանների պայմաններում վերջին մեկ տարվա ընթացքում շատ ծնողներ չկարողացան մասնակցել իրենց երեխաների հարսանիքներին: Սա մեծ սթրես էր ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար, որոնց կյանքի ամենաերջանիկ օրը միայնության զգացողությունը նրանց հանգիստ չէր թողնում:

Գոհարն՝ ամուսնու հետ միասին, ապրում է Ախալքալաքում: Նրա երեխաները վաղուց են տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում: 2020 թվականի ապրիլին պետք է տեղի ունենար նրանց որդու հարսանիքը: Թեև, կորոնավիրուսն իր ճշգրտումները մտցրեց ծնողների ծրագրերում, ովքեր երազում էին մեծ, ավանդական հարսանիքի մասին:

Սկզբում կյանքի կարևոր իրադարձությունը հետաձգվում էր այն հույսով, որ համավարակը կնահանջի և սահմանները կբացվեն: Աշնանը հարսանիքը, այնուամենայնիվ, նշվեց, սակայն Ախալքալաքից, Ռուսաստանից և արտերկրից հրավիրված հյուրերը Երևան այդպես էլ չհասան: Ծնողները նույնպես չկարողացան ներկա գտնվել իրենց որդու հարսանիքին: Նրանք հարսանեկան արարողությանը ներկա էին հեռախոսի, ուղիղ հեռարձակման կամ մեսենջերների միջոցով:

Ամալյան, ինչպես և Գոհարը, իր ավագ դստեր հարսանիքին ներկա չէր: Նա երազում և ծրագրում էր աղմկոտ, մեծ, հայկական հարսանիք՝ ընկերա-բարեկամական շրջապատով: Համավարակն այստեղ էլ միջամտեց: Կրասնոդարի երկրամասում իր պսակադրության ժամանակ աղջիկը ստիպված էր առանց իր հարազատների անցկացնել: Իսկ ծնողներն արցունքն աչքերին էկրանից հետևում էին արարողությանը:

Ամալյան, սակայն, ներկա էր Ախալքալաքում կրտսեր դստեր հարսանիքին: Դրանում ներկա էին չնչին թվով հարազատներ, չկար ոչ շքեղ հարսանեկան զգեստ, ոչ դհոլ-զուռնա ու ժողովրդական երգեր, ոչ էլ 200-300 հոգանոց հարսանիք…

Սահմանափակումները «ոչնչացրեցին» հարսանեկան բիզնեսը

Ախալքալաքում կա 6 հանդիսությունների սրահ: Դրանցում անցկացվում են ինչպես հոգեհացի արարողություններ, այնպես էլ աղմկոտ հարսանեկան արարողություններ, նշանադրություններ, հարսանիքից հետո երկրորդ օրը (երբ խնամիներին հրավիրվում են ճաշի): Հարսանիքի ժամանակ սրահը վարձելու նվազագույն գինը 1000 լարի է, իսկ եթե ցանկանում եք, որ սրահը կազմակերպի հյուրասիրությունն իր սպասարկմամբ, ապա յուրաքանչյուր աթոռի համար վճարն առնվազն 50 լարի է՝ ելնելով հյուրասիրության տեսականուց:

Արտագնա աշխատանքային սեզոնից ելնելով ամուսնական շրջանն այստեղ սկսվում է, երբ երիտասարդները վերադառնում են խոպանից: Այս շրջանն Ախալքալաքում դեկտեմբեր-ապրիլ ամիսներին է, իսկ գագաթնակետը՝ հունվար-փետրվար ամիսներն են: Հաճախ այդ ժամանակ անհնար է գտնել ազատ սրահներ, նորապսակները հերթագրվում են:

2020 թվականի հունվար-փետրվարին, դեռևս սահմանափակումներից առաջ, հաջողվեց անցկացնել անցած տարվա սեզոնի հարսանիքների մեծ մասը, այնպես որ «հարսանեկան բիզնեսը» զգաց սահմանափակումների ողջ հարվածն արդեն 2021 թվականին:

harsnik5Հանդիսությունների դահլիճ, որն արդեն մեկ տարի է դատարկ է

Մնացական Հովհաննիսյանն Ախալքալաքի ամենամեծ սրահներից մեկի սեփականատերն է: Որպեսզի յուրաքանչյուր սեզոնին շատերը ցանկանան իրենց միջոցառումներն անցկացնել այս սրահում, Մնացականն անընդհատ վերանորոգում է կատարում այնտեղ, ինչ-որ նոր բան է ավելացնում, անընդհատ մտածում է նորարարությունների մասին: Նրա բիզնեսը գրեթե մեկ տարի անգործության է մատնված: Միջոցառումների համար նախատեսված մեծ սրահը և մոտակայքում գտնվող հյուրանոցն այլևս եկամուտ չեն բերում, զբոսաշրջիկներ և գործուղողներ չկան:

Երբեմնի աղմկոտ ու զվարթ մթնոլորտը, աշխատանքային իրարանցումը, պատվել են փոշով: Գումար խնայելու նպատակով ջեռուցման համակարգն անջատված է: Աշխատողներին ստիպված էին ժամանակավորապես հեռացնել աշխատանքից: Ըստ Մնացական Հովհաննիսյանի, սա ամենացավալին է, այն մարդիկ, ովքեր կերակրում են իրենց ընտանիքները, մնացել են անգործ:

DSC_9639 Ռեստորանի խոհանոցը

«Այստեղ աշխատում էին 33 հոգի և պահում էին իրենց ընտանիքները: Այդ մարդիկ էին սպասք լվացողները, երաժիշտները՝ հինգ հոգի, տեխնիկական աշխատողները, խոհարարները մոտ չորս հոգու: Հետո մատուցողները, օպերատորները և այլոք, նրանք բոլորը գործազուրկ են դարձել: Բայց ինչ արած, կառավարությունը բարդ իրավիճակում է: Այն, ինչ արվում է, արվում է բնակչության առողջությունը պահպանելու համար»…:

Այն բանից հետո, երբ հնարավոր եղավ հարսանիքներն ու այլ միջոցառումներն անցկացնել բաց տարածքում, Մնացականը մտածում է հարակից տարածքը բարեկարգելու մասին, բայց այս պայմաններում՝ զրոյական եկամուտով, դա գրեթե անհնար է:

Մնացականը կարծում է, որ իրադարձությունների ամբողջապես արգելքն իմաստ չուներ: Ավելի արդյունավետ կլիներ թույլատրել, բայց սահմանափակել մարդկանց թվաքանակը, հակառակ դեպքում ստացվում է, որ արգելքը նույնիսկ նպաստում է վիրուսի «հարմարավետ» տարածմանը:

«Մենք լեռնային մարդիկ ենք, ովքեր պահպանում են ավանդույթները, և մենք պետք է քելեխ տանք, նույնիսկ այս պայմաններում: Սեղաններն ու աթոռները վերցնում են սրահներից և իրենց տներում միևնույն է 80-90 մարդ տեղավորում: Վիրուսի տարածման սպառնալիքն ավելի մեծ է այս դեպքում, դա ավելի վտանգավոր է, իսկ մեծ դահլիճներում կարող ես պահպանել ֆիզիկական հեռավորություն, եթե տեղավորես մոտ 100 մարդ, քանի որ այնտեղ կա 200-250 մարդու համար նախատեսված տարածք», – բացատրում է նա:

Եթե հաշվի առնել, որ 33 մարդ գործազուրկ է մնացել միայն Մնացականի սրահը փակվելու արդյունքում, և այն, որ Ախալքալաքում կա 6 սրահ, կարելի է ենթադրել, որ գործազուրկ է մնացել շուրջ 200 մարդ: Ավելին, սա միայն Ախալքալաք քաղաքում, իսկ թե որքան մարդ է աշխատում գյուղերում հարսանեկան ծառայության մատուցման ոլորտում, ապա ավելի դժվար է գործազուրկ անձանց մոտավոր թիվը նշելը:

Բալխո գյուղից Գրիգոր Սարգսյանը երաժիշտ է, նա ընտանիքը պահում էր հարսանիքների ժամանակ գումար վաստակելով՝ ստեղնաշարային գործիքներ նվագելով, սակայն հիմա նա փորձում է ինչ-որ կերպ գնալ արտագնա աշխատանքի:

«Մեզ մոտ մեր գոյությունը պահպանելու որևէ այլ հնարավորություն չի մնացել: Միակ եկամուտը թաղումներին նվագելն է, հարսանիքներ չկան: Համավարակից առաջ ես ստեղնաշարային գործիքների վրա էի նվագում: Այս գործունեությունից վաստակածս գումարը թույլ էր տալիս ընտանիքս նորմալ պահել և նորմալ ապրեինք: Հիմա այդ եկամուտը չկա: Այժմ ես ուզում եմ մեկնել Ռուսաստան՝ խոպան», – ասում է երաժիշտը:

Ժամանակին, ամուսնությունների շրջանում, հարսանյաց սրահների համար առավել շահավետ էին հարսանեկան զգեստները, օժիտի զամբյուղները, տարոսիկները և այլ հարսանյաց դեկորը: Ոմանք ընդլայնում էին իրենց բիզնեսը՝ այդ ամենին ավելացնելով նաև գեղեցկության սրահներ և դիմահարդարներ: Թեև այժմ հարսանեկան զգեստները կախված են կախիչներից, այս պայմաններում հարսնացուները նախընտրում են ավելի համեստ հագնվել:

1 Հարսանեկան սրահ

Մարինա Խոդիկյանը միշտ նախապես էր պատրաստվում հարսանիքների սեզոնին: Բիզնեսը զարգացնելու համար նա հարսանեկան նոր զգեստներ էր գնում նույնիսկ արտերկրից: Հաճախորդների ճաշակին համապատասխան բերում էր տարբեր հարսանեկան ատրիբուտներ: Կորոնավիրուսի տարածման հետ Մարինայի բիզնեսն այլևս այդքան էլ եկամտաբեր չէ: Մարդիկ քիչ փող ունեն, քանի որ դրսից եկամուտ չկա, և որ ամենակարևորն է` տրամադրությունն էլ չկա:

«Հարսանիքներ չկան, միայն Տեառնընդառաջի կամ նշանադրության ժամանակ կարող է եկամուտ լինել: Ամեն դեպքում, մարդիկ ամուսնանում են, չնայած հարսանիք չեն անում, բայց նշանվում են: Ահա թե ինչպես ենք մենք գումար վաստակում: Ամեն ինչ շատ դժվար է: Հարսանյաց զգեստներ չեն վերցնում, հազարից մեկը, երբ ավանդական հարսանիքներ են արվում: Տանը նշելիս կարելի է այլ գույնի զգեստներ կրել կամ սպիտակ զգեստ են հագնում, բայց ավելի համեստ: Հիմնականում զգեստները պատվիրում են դերձակների մոտ: Կորոնավիրուսը զգալի կերպով է ազդել մեր բիզնեսի վրա՝ բացասական տեսանկյունից, մենք կորուստներ ենք կրում», – ասում է Մարինա Խոդիկյանը:

Չնայած այն բանին, որ կովիդ–սահմանափակումների պատճառով գեղեցկության սրահները փակվեցին միայն անցյալ տարվա գարնանը, դրանք մեծապես փոխեցին իրենց աշխատողների կյանքն ու եկամուտները: Ամեն տարի, հարսանիքի սեզոնին, վարսահարդարների, դիմահարդարների և սրահի այլ աշխատակիցների աշխատանքը սկսվում էր առավոտյան ժամը 6-ին, կամ նույնիսկ ավելի վաղ: Նրանք ստիպված էին սկսել շատ շուտ, քանի որ հարսնացուի գեղեցկությունն ամենակարևորն է, դա շատ ժամանակ և ավելի շատ գումար է պահանջում: Բացի այդ, հարսից հետո նրա հարազատների ամբողջ իգական սեռի ներկայացուցիչները հերթագրված էին: Իսկ հիմա վարսահարդարները և սրահների այլ աշխատակիցները հաճախ տանն են, և նրանց այցելում են նախապես զանգահարելուց և համաձայնվելուց հետո:

Չնայած Սոֆյա Բիչախչյանի սրահը աշխատում է առանց սահմանափակումների, սակայն եկամուտները նվազել են 50%-ով:

«Եթե նախկինում մենք ընդունում էինք մի քանի հարսնացուի, որոնց սանրվածքը արժեր 20-ից 50 լարի, ապա հիմա մեր վարսահարդարները մի քանի սանրվածք են անում 7-10 լարիով: Նույնը դիմահարդարման դեպքում է, մեկ դիմահարդարման արժեքը 30 լարի է: Գումարած, հարսնացուների հետ միասին շպարվում էին նրանց հարազատները: Այս տարի ընդամենը 1-2 հարսնացու ենք շպարել, տանը չեն դիմահարդարվում», – պատմում է «Ամալի» սրահի սեփականատեր և դիմահարդար Սոֆյա Բիչախչյանը:

harsnik2
Ախալքալաք, Սուրբ Խաչ եկեղեցի: 2021 թվականի առաջին պսակադրությունը

Հարսանիքներն այլևս չեն նշվում սահմանափակումների պատճառով, սակայն գիտակցելով, որ 300 հոգով համար հնարավոր չէ հարսանիք անել մոտ ապագայում, երիտասարդներն ամուսնանում են և նշանվում տնային պայմաններում: Ոմանք ամուսնանալով պսակադրվում են եկեղեցում, իսկ ոմանք էլ, չզգալով տոնակատարությունը, այն հետաձգում են:

Ըստ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ քահան Տիգրանյանի, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ պսակադրվելու համար գալիս են առավոտյան, որպեսզի ժամանակ ունենան տոնելու մինչ պարետային ժամը:

«Ես գիտեմ, որ շատ զույգեր նույնիսկ չեն եկել եկեղեցի պսակադրվելու համար: Նրանցից շատերը պարզապես հարսնացուին տուն են տարել: Հյուրերի, հարազատների թիվը, ովքեր զույգի հետ գալիս էին եկեղեցի՝ պսակադրության, մեծապես նվազել է: Անցյալ տարի (խմբ. հունվար-փետրվար ամիսներին) մենք պսակադրել էինք մոտ 90 զույգ, մինչ այդ շատ ավելին էր: Եթե սահմանափակումները շարունակվեն, այս տարի շատ ավելի քիչ կլինեն: Միայն 2 հարսանիք է եղել», – ասում է նա:

Նա նշում է, որ չնայած ամռանն ու աշնանը հիմնականում հարսանիքներ քիչ են լինում, բայց այս տարի դրանք ընդհանրապես չեն եղել: Դեկտեմբերին էլ չի եղել:

Ախալքալաքում ոմանք կատակում են՝ ասելով, որ կորոնավիրուսը կարող է սովորեցնել բնակչությանն ավելի համեստորեն նշել հարսանիքները, փող չծախսել տարբեր թանկարժեք ատրիբուտների վրա: Այնուամենայնիվ, Տեր Նարեկը կարծում է, որ կորոնավիրուսը չի ազդի հարսանեկան ավանդույթների վրա, դրանք չեն վերանա, երբ սահմանափակումները հանվեն, ամեն ինչ կլինի նախկինի պես:

Քրիստինե Մարաբյան