Համավարակը, ոչ միանշանակ ազդեցությունն է ունեցել Ջավախքի գյուղատնտեսության վրա: Ցանքատարածություններն ավելացել են, քանի որ մ արդիկ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքների: Աակայն դրա տնտեսական էֆեկտը չի զգացվում, ոչ շրջանում, ոչ էլ հողագործների ընտանեկան բյուջեում․ գները նվազել են, ու ապրանքն էլ չեն կարողանում իրացնել:
2020 թվականին Ախալքալաքում մշակվել է 9788 հա կարտոֆիլի դաշտ, 2019 թ.-ին՝ 8786 հա: 2020 թվականին հավաքվել է 218 175 տոննա կարտոֆիլ, մինչդեռ 2019 թ.-ին հավաքվել էր 169 445 տոննա:
Տնտեսագետ և գյուղատնտեսության գծով փորձագետ Սալոմե Գելաշվիլիի հետ JNEWS- ը զրուցել է այն մասին, թե ինչպես է համավարակը ազդել Վրաստանի և, մասնավորապես, Ջավախքի գյուղատնտեսության վրա, խոսել ենք նաև սահմանափակումների հետ կապված խնդիրների, կարտոֆիլի ցածր գների ու իրացման և շատ ավելիի մասին:
– Ինչպես է կորոնավիրուսային համավարակն ազդել Վրաստանի և, մասնավորապես, Ջավախքի գյուղատնտեսության վրա:
Վիճակագրության վարչությունում տարածաշրջանային տվյալները չկան, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «COVID-19»- ը բացասաբար է անդրադարձել տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության վրա: Իհարկե, այդքան վնաս չի եղել, որքան այլ ոլորտներում, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում, թեև գյուղատնտեսությունը անմիջական կապ ունի զբոսաշրջության, ռեստորանների, սրճարանների հետ: Գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկաները արտադրողների համար հենց տուրիստական օբյեկտներն են, իհարկե դա ազդել է նրանց եկամտի վրա:
– Ջավախքում անցյալ տարի ավելի շատ կարտոֆիլ էր ցանվել, քան նախկինում, քանի որ ավելի շատ մարդ է սկսել զբաղվել հողագործությամբ: Ինչու դա հաշվի չի առնվել, ինչու են մարդիկ բախվել իրացման խնդրին:
Խնդիրն, ամենայն հավանականությամբ, լոգիստիկայի մեջ էր, այսինքն նրանում, որ ինչ մենք արտադրում ենք, կարողանանք բաշխել երկրի ներսում: Ասենք ռեստորանները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում, որոշակի սպառման շուկաներ պակասեցին, բայց միևնույն ժամանակ, մենք շատ ապրանքներ ներկրում ենք, իրականում այդ ժամանակ հնարավոր էր մեր արտադրանքն օգտագործել մեզ համար, ոչ թե պարզապես ներմուծել: Այնպես որ, մենք գյուղմթերքով ապահովման առումով ոչ մի խնդիր չենք ունեցել, պարզապես շատ արտադրողներ իրացման խնդիր ունեին, երբ ռեստորանների փակման պատճառով նրանց պայմանագիրը հարցականի տակ էր դրվել:
Կարտոֆիլի որոշակի ներմուծում ունենք կապված մեր սեզոնային արտադրության հետ: Վրաստանում սպառման շուկաները չէին կարող կազմակերպել այս ամենն այնպես, որ այդ ապրանքներն այստեղ իրացվեր, իսկ մեր արտադրանքը պետք է, որ պահանջարկ ունենա, պարզապես խնդիրն այն է, որ երբեմն այն ավելի թանկ է, քան ներմուծվածը: Բայց հիմա, կապված այն բանի հետ, որ արժույթը թանկացել է, ներմուծումը նույնպես շատ է թանկացել, ելնելով դրանից, նման խնդիր չպետք է առաջանա:
– Իսկ ինչու սպառման շուկան չկարողացավ վերահսկել բաշխումը:
Հաշվի առնելով այն փաստը, որ մարդիկ չէին կարողանում տեղաշարժվել շրջաններից՝ մեկ շրջանից մյուսը, չկարողացան իրենց արտադրանքը վաճառել տեղում: Ուստի առաջարկի և պահանջարկի միջև նման անհավասարակշռություն կարող էր ձեւավորվել: Երկրի ամբողջ տարածքում, եթե վերցնենք, այդպիսի անհավասարակշռություն չպետք է լիներ, այն ամենը, ինչը մենք արտադրում ենք, պետք է վաճառվի, քանի որ մենք արտադրում ենք փոքր քանակությամբ և մեզ միշտ անհրաժեշտ է ներմուծում:
– Ինչպես է համավարակն ազդել գների վրա, ինչու են դրանք իջել:
2020 թվականին գները շատ ավելի բարձր էին, երբ գնաճը դարձավ երկնիշ, այժմ գնաճը երկնիշ չէ, բայց գներն այս տարի դեռ բարձր են, քան անցյալ և նախանցյալ տարիներին: Լարիի արժեզրկումն սրանում ավելի է մեղավոր, քան «COVID-19»- ը: Մենք ավելի շատ ներմուծում ենք ձմռանը, երբ մեզ մոտ արտադրման սեզոն չէ: Հիմնականում պատճառը դա է:
– Վրաստանի ողջ տարածքով 2020 թ.-ին, համավարակի պատճառով, ավելի շատ մարդ սկսեց հող մշակել, կարող ենք ենթադրել, որ երկրում հողագործների թիվը կավելանա:
Շատերն անգամ Թբիլիսիից մեկնում էին (խմբ. հող մշակելու համար) շրջաններ: Մարդկանց թիվը, ովքեր սկսել են հող մշակել, աճել է, բայց դա կարճաժամկետ հետևանք է, դժվար թե դա լինի երկարաժամկետ: Երկարաժամկետ լինելու համար պետք է ապրել գյուղական վայրերում: Դժվար է ասել, այդ էֆեկտը կլինի երկարաժամկետ կամ կարճաժամկետ: Բացի այդ, մարդիկ այժմ նոր հնարավորություն ունեն, նրանք կարող են աշխատել Գերմանիայում: Շատերն արդեն գրանցվել են այս ծրագրին մասնակցելու համար: Իհարկե, դա գյուղատնտեսության համար լավ չէ, քանի որ շրջաններից շատ մարդիկ, ովքեր կարող էին գյուղատնտեսությամբ զբաղվել, գնում են:
– Նման ծրագրերը վատ են անդրադառնում Վրաստանի գյուղատնտեսության վրա:
Այո: Դա լավ է նրանց համար, ովքեր գնում են աշխատելու: Եթե ես բարձրակարգ աշխատող եմ, հնարավորություն ունեմ գնալու և այնտեղ ավելին իմանալու: Բայց գյուղատնտեսության համար, որն արդեն իսկ աշխատուժի պակաս ունի, իրավիճակը խորացնում է: Հիմնականում, սեզոնի ժամանակ, երբ անհրաժեշտ է բերքը հավաքել, բոլորը աշխատող են փնտրում: Շատերն առանց այդ էլ աշխատելու նպատակով մեկնում են Թուրքիա: Առանց այդ էլ այդ խնդիրը կար, հատկապես երիտասարդության մոտ: Երիտասարդները առանձնապես հետաքրքրված չեն գյուղատնտեսությամբ:
– Ինչ եք կարծում, ինչպիսին կլինի ներկայիս գյուղատնտեսական տարին, այսօրվա իրականությունից ելնելով:
2021 թվականին ավելի լավ կլինի, քան 2020 թ.-ին, քանի որ, կարելի է ասել, ավելի վատ չի կարող լինել: Սպառման շուկաները, որոնք խնդրահարույց էին արտադրողների համար, ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, կանգ առած տուրիզմը: Իհարկե, բոլոր սահմանափակումները վերացնելուց հետո, դա դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա: