Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Ջավախքին աջակցություն հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ ջանքերով Ջավախքում իրականացնում են բարեգործական մի ծրագիրը, որի շրջանակներում մարդկանց բարձրորակ եվրոպական հագուստ է բաժանվում:
«Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աշխատակիցները լինում են՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի գյուղերում:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս աջակցությունը կհասնի Ջավախքի ցանկացած գյուղ, որտեղ բնակչության մոտավոր 20 տոկոսը կդառնա ծրագրի շահառու:
«Երկար տարիներ է համագործակցում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Այս ծրագիրն իրականացնում ենք ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի հետ աշխատանքի արդյունքում: Նպատակը մեկն է՝ աջակցել Ջավաքխին, հատկապես որ անցած տարի մարդիկ չկարողացան արտագնա աշխատանքի մեկնել: 15 000-ից ավելի ապրանք ենք բերել Ջավախք, բաճկոններ են, հիմնականում տաք հագուստ: Ըստ բնակչության քանակի ապրանք ենք բաժանում, մոտավոր յուրաքանչյուր գյուղի 20 տոկոսին հասնում է», – JNEWS-ի հետ զրույցում մանրամասնեց ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը:
Վերջինս շեշտում է, որպեսզի անարդարություն չլինի իրենք հատուկ կարգավիճակներ են մշակել, և ծրագից կարող են օգտվել՝ սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող մարդիկ, բազմազավակներ ընտանիքները, միայնակ մայրերը և այլք:
Կազմակերպիչները նշում են, որ բացառություններն լինում են. «Օրինակ, գյուղ ունենք, որ ուսանողներին ենք տալիս, որպես խրախուսանք, քանի որ այդ գյուղում ուսանողները քիչ են: Գյուղ ունենք, որտեղ սպորտսմեններին ենք տալիս»,- հավելում է Սամվել Մկոյանը:
«Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աշխատակիցները եղել են Ջավախքի շուրջ 15 գյուղերում, ավելի քան 2500 մարդ հագուստի տեսքով աջակցություն է ստացել: