«Galt&Taggart» ներդրումային բանկի տվյալներով՝ լոքդաունի (արգելափակման) պատճառով Վրաստանն օրական կրում է 16 միլիոն լարիի կորուստ, ինչի արդյունքում՝ 2020 թվականի ընթացքում, տնտեսության ընդհանուր վնասները կազմել են 1 միլիարդ լարի:
Վրաստանում փետրվարի 1-ից սկսվել է կարանտինային միջոցառումների աստիճանական չեղարկումը, թեպետ կորոնավիրուսը դեռ շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:
Վրաստանի տնտեսությունը 2020 թվականին 6,1% անկում է ապրել, ամենազգալի հարվածը զբոսաշրջության ոլորտն է կրել: Ինչ վերաբերում է 2021 թվականին, ապա ելակետային սցենարը նախատեսում է զբոսաշրջության ոլորտի աստիճանական վերականգնումը, ինչի արդյունքում տարեվերջին երկիրը դրանից կստանա 1,2 միլիարդ դոլար եկամուտ (2019-ի համեմատ 36%-ը):
Հոռետեսական սցենարը չի նախատեսում զբոսաշրջության ոլորտի աճ, ինչը կպահանջի լրացուցիչ հարկաբյուջետային խթանում: Սրա հետ մեկտեղ, նույնիսկ հոռետեսական սցենարն ամբողջական լոքդաուն չի նախատեսում:
2020 թվականին արտառևտրային հաշվեկշիռը վատթարացել է 1,045 միլիարդ ԱՄՆ դոլարով, ներդրումները նվազել են 24 տոկոսով, լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14 տոկոսով:
Ելակետային սցենարը նախատեսում է ազգային արժույթի փոխարժեքի դիրքերի ամրապնդում (1 դոլարի դիմաց 3,15-3,2 լարի), հոռետեսական սցենարով` դիրքերի զիջում (1 դոլարի դիմաց 3,3-3,4 լարի):
Ելակետային սցենարը 2021 թվականին կանխատեսում է 4,5% գնաճ, իսկ հոռետեսական սցենարը` 6%: