Ակնկալվում է, որ մարտին Վրաստանում կսկսվի կորոնավիրուսը հաղթահարած անձանց բուժհետազոտման ծրագիրը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, Համընդհանուր առողջապահական ծրագրի համապատասխան արձանագրության մեջ ներառված որոշ հետազոտություններ ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից, կամ հիվանդը կվճարի նվազագույն գումարը:
«Մինչև փետրվարի վերջ մենք մտածում ենք այս մանրամասները հստակեցնել: Մենք խորհրդակցում ենք կլինիկական խմբի հետ և կարծում ենք, որ արդեն մարտ ամսից հնարավոր կլինի ամբողջությամբ գործարկել այս ծրագիրը: Այս արձանագրության համաձայն կատարված հետազոտությունները մասամբ ծածկվում է համընդհանուր հասանելիության շրջանակներում, ուստի բուժառուն, ով առաջնային առողջապահության ապահովագրմամբ կայցելի իր բժշկին, կկարողանա ստանալ այն հետազոտությունները, որոնք, ըստ բժշկի, անհրաժեշտ կլինեն նրան», – պարզաբանել է Գաբունիան:
Ծրագրի շրջանակներում բուժառուները կբաժանվեն երկու խմբերի: Առաջին խմբում կընդգրկվեն նրանք, ովքեր ունեցել են կորոնավիրուսի մեղմ ընթացք, իսկ երկրորդում՝ այն բուժառուները, ովքեր կորոնավիրուսի ծանր ընթացք են ունեցել, բուժման կուրսն անցել են վերակենդանացման բուժանմունքում: Այս խմբերը տարբեր դիտարկումների և հետազոտությունների կարիք ունեն:
Փոխնախարարը նաև հայտնել է, որ Առողջապահության նախարարության կողմից ձեռքբերված «ռեմդեսիվիր» դեղորայքի կիրառման պահանջ է ներկայացվել 178 հիվանդի դեպքում, որը բավարարվել է միայն 167-ի դեպքում: Գաբունիայի խոսքով՝ այս դեղամիջոցն ընդունող հիվանդների վիճակը բավարար է գնահատվում: «Ռեմդեսիվիր» ընդունող հիվանդների խմբում գրանցվել է միայն երկու մահ: Մնացած հիվանդները կամ վերջացրել են բուժման կուրսը կամ դեռ մնում են կլինիկաներում:
Այս դեղամիջոցն ընդունող հիվանդների մեծ մասն արդեն բուժվել է, թեև հայտնի չէ՝ արդյո՞ք նրանց ապաքինումը կապված է հենց «ռեմդեսիվիրի» ընդունման հետ:
Գաբունիան նշել է, որ ԱՀԿ-ն այս փուլում խորհուրդ չի տալիս կիրարկել «ռեմդեսիվիրը», քանի որ դրա արդյունավետության վերաբերյալ բավարար ապացույցներ չկան: Այնուամենայնիվ, դրա օգտագործումը կլինիկական պրակտիկայում չի արգելվում:
Ըստ Գաբունիայի, Առողջապահության նախարարության նպատակն է ապահովել, որ Վրաստանում բուժառուների համար հասանելի լինեն բոլոր այն դեղամիջոցները, որոնք ապաքինման հույս են տալիս:
«Հաշվի առնելով օգուտներն ու ռիսկերը՝ այս խումբը դեղամիջոցներն ընդունում է՝ հիմնվելով կլինիկական փորձագետների կարծիքի վրա, և մինչ այժմ պրակտիկան գոհացուցիչ է», – ասել է Գաբունիան: