Վրաստանում ժամանակավոր կացության իրավունքի առավելագույն ժամկետը կարող է վեցից դառնալ 12 տարի: Համապատասխան փոփոխությունները կքննարկվեն վաղը՝ խորհրդարանի բյուրոյի նիստում:
Կացության իրավունքի վկայականը փաստաթուղթ է, որը թույլ է տալիս օտարերկրացուն օրինականորեն մնալ Վրաստանում` անկախ վիզայի վավերականության ժամկետից, ինչպես նաև իր մոտ հրավիրել այլ օտարերկրացիների:
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները նախաձեռնվել են Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի կողմից:
Օրինագծում նշվում է, որ Վրաստանում բնակության իրավունք տրվում է օտարերկրյա քաղաքացուն՝ նախատեսված ժամանակահատվածում գտնվելու համար: Եթե օտարերկրացին վեց տարի ապրում է Վրաստանում ժամանակավոր բնակության իրավունքով, ապա նրան հնարավորություն կընձեռվի երկարացնել բնակության վկայականի գործողության ժամկետը, այլ ոչ թե ստանալ մշտական (անժամկետ) կացութան իրավունք, ինչպես դա տեղի է ունենում այժմ:
Օրենքի նախագծի բացատրական քարտում նշվում է նաև, որ օտարերկրացիներին այդքան էլ հեշտ չէ մշտական բնակության իրավունք ստանալ: Հաճախ դրա համար բավարար չեն Վրաստան ժամանելու նպատակները, որոնց հիման վրա նրան տրվել է այդ իրավունքը:
Որպես օրինակ՝ բերվում են ուսանողներ, ովքեր սովորում են բժշկի մասնագիտությամբ: Վրաստանում բժշկի մասնագիտություն ստանալու համար օտարերկրացիները ստիպված են ուսման վրա ծախսել մինչև 12 տարի:
Օրինագծով նախատեսված մեկ այլ խոշոր փոփոխություն վերաբերում է նախկինում դատապարտված օտարերկրյա քաղաքացիներին: Մասնավորապես, ընտանեկան բռնության կամ անձի նկատմամբ ցանկացած այլ ծանր կատեգորիային չպատկանող հանցագործության համար դատապարտված անձինք, չեն կարողանա Վրաստանում բնակության իրավունք ստանալ:
Քրեական հանցագործության կատարումը կարող է նաև հիմք դառնալ Վրաստանում օտարերկրացու օրինական գտնվելու ժամկետը կասեցնելու համար:
Գործող օրենսդրության համաձայն, օտարերկրացուն կարող է մերժվել բնակության իրավունքը, եթե վերջին հինգ տարվա ընթացքում նա դատապարտվել է ծանր քրեական հանցագործության կատարման համար: