Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում իրավունք ունի սահմանել պարետային ժամ և այլ սահմանափակումներ: Այս մասին նշված է հինգշաբթի օրը հրապարակված ՍԴ-ի որոշման մեջ:
Սահմանադրական դատարանն ավարտել է Պաատա Դիասամիձեի, Գիորգի Չիտիձեի, Էդուարդ Մարիկաշվիլիի և Լիկա Սաջաիայի հայցերն ընդդեմ Վրաստանի խորհրդարանի և կառավարության: Նրանք փորձում էին բողոքարկել «Հանրային առողջապահության մասին օրենքում» 2020 թվականի հունիսի փոփոխությունները՝ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ավարտից անմիջապես հետո: Այդ ժամանակ խորհրդարանը կառավարությանն ընձեռեց մի շարք լիազորություններ՝ համավարակի ընթացքում թույլ տալով առանց արտակարգ դրություն հայտարարելու սահմանափակել Վրաստանի քաղաքացիների մի շարք սահմանադրական իրավունքներ:
Հայցվորները պնդում էին, որ ինքնամեկուսացումը և կարանտինը հակասում են Վրաստանի Սահմանադրության 13-րդ հոդվածին (Մարդու ազատություն), քանի որ քաղաքացուն արգելվում է լքել փակ տարածությունը և ֆիզիկական շփում ունենալ այլ մարդկանց հետ:
ՍԴ-ն չի համաձայնել այս փաստարկների հետ: Նշվել է, որ վարակված անձանց հետ շփման մեջ գտնվող անձանց տեղաշարժի ազատությունը սահմանափակվում է կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, սակայն նրանց վրա իրավական պատասխանատվություն չի կիրառվում:
Բացի այդ, որոշման մեջ նշվում է, որ կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները կարող են օգտագործել ցանկացած հաղորդակցման միջոց և ինտերնետ, ինչպես նաև զբաղվել ցանկացած գործունեությամբ, և նրանց վարքը ենթակա չէ համապատասխան ծառայության կողմից վերահսկողության, ի տարբերություն կալանքի տակ գտնվող կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց:
Սահմանադրական դատարանը վճռել է, որ սահմանափակող միջոցները չեն հակասում Վրաստանի Սահմանադրության 19-րդ և 21-րդ հոդվածներին՝ սեփականության իրավունքին և հանրահավաքներ կազմակերպելու ազատությանը:
Ինչպես պարզաբանվում է, Կառավարությունը լիազորված էր սահմանել որոշակի ժամանակավոր սահմանափակումներ` կոնկրետ նպատակների հասնելու համար, բայց այս լիազորումը չի նախատեսում, որ գործադիր իշխանությունը իրավասու է սահմանափակել կամ մեկնաբանությունների ենթարկել սեփականության իրավունքի և հանրահավաքների ազատության էությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը, օրինական է ճանաչվում պարետային ժամի՝ գիշերային ժամերին տեղաշարժման արգելքի գործարկումը:
Սահմանադրական դատարանը հայցերը բավարարել է միայն մեկ դրույթի մասով: Նրանք հակասահմանադրական դրույթ են ճանաչել այն կետը, որը թույլ է տալիս կառավարությանը սահմանափակել Վրաստանի Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված աշխատանքային իրավունքները:
Հայցվորը նշել է, որ, համաձայն Վրաստանի Սահմանադրության, աշխատանքային իրավունքների կարգավորումը տեղի է ունենում օրգանական օրենքի հիման վրա, և, հետևաբար, նույն կերպ խորհրդարանը պետք է, որ այս իրավունքի սահմանափակումը լիազորեր մեկ այլ մարմնի: Հայցվորները հավելել են, որ Վրաստանի կառավարությունը աշխատանքային իրավունքների վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները փոխանցել էր` ընդունելով սովորական օրենք, այլ ոչ թե՝ օրգանական:
Սահմանադրական դատարանը վճռել է, որ գործադիր իշխանության համապատասխան իրավունքների փոխանցումը տեղի է ունեցել ոչ պատշաճ կերպով, խախտելով նաև Վրաստանի Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին կետը: