Փոքր և միջին ֆերմերները, որոնք, ինչ-ինչ պառճառներով 2020 թ.-ին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով չեն դիմել «Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խրախուսման» պետական ծրագրի շրջանակներում ագրոքարտ ստանալու, կկարողանան դա անել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը: Եթե, օրինակ, ֆերմերը ագրոքարտը չի ստացել, քանի որ իր հողամասը գրանցված չէ, բայց հետո այն գրանցել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, նա կարող է կրկին դիմել:
Ագրոքարտերի վավերականության ժամկետը, որոնք տրվել են իրականացվող ծրագրի ընթացքում, լրանում է այս տարվա մայիսի 20-ին:
Ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, այն շահառուները, ովքեր իրենց հողամասերը գրանցել են մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը, բայց ինչ-ինչ պատճառով ագրոքարտերը չեն ստացել 2020 թ.-ին, կկարողանան այդ քարտերը ստանալ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը:
Տվյալ ծրագիրը վերաբերում է միայն այն ֆերմերներին, ովքեր իրենց հողամասերը գրանցել են Անշարժ գույքի ազգային ռեեստրում, ինչպես նաև գրանցվել են Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Ֆերմերների հատուկ ռեեստրում: Ֆերմերները կարող են ստանալ ագրոքարտերը «Լիբերթի բանկ»-ի մասնաճյուղերում:
«Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խրախուսման» ծրագրի իրականացումը Վրաստանում սկսվել է 2020-ի գարնանը` Շրջակա միջավայրի պաշտպանության և Գյուղատնտեսության նախարարության «Հոգատարություն գյուղի, ֆերմերի նկատմամբ» հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսված է ուղղակի պետական սուբսիդիաներ այն ֆերմերներին, ովքեր ունեն 0.25 հեկտարից մինչև 10 հա հողամասեր՝ տնկանյութեր, պարարտանյութեր, բույսերի պաշտպանության և խնամքի ապրանքներ ձեռք բերելու համար, ինչպես նաև (սա վերաբերում է 10 հա հողամասի սեփականատերերին) գյուղատեխնիկական աշխատանքների վճարման համար: Այս ծրագրի շրջանակներում պետական սուբսիդիաների չափը մեկ հեկտարի դիմաց 200 լարի է (60,4 ԱՄՆ դոլար) մեկ հեկտարի հաշվով (առավելագույնը 2000 լարի/604,2 դոլար): Փոխանցված գումարն արտացոլվում է ֆերմերի ագրոքարտի վրա միավորների տեսքով` 1 միավորը = 1 լարի (0,3 դոլար): Այս ագրոքարտով նա մասնագիտացված խանութներում վճարում է գնված ապրանքների և ծառայությունների համար:
«Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խրախուսման» ծրագրից մինչ օրս օգտվել է շուրջ 246 հազար ֆերմեր: Պետության կողմից փոխանցված գումարները կազմել են ավելի քան 32 միլիոն լարի (9,7 միլիոն ԱՄՆ դոլար):