«COVID-19»-ի ճգնաժամի պայմաններում ստեղծված տնտեսական իրավիճակի, ապրանքների գնաճի, դոլարի նկատմամբ լարիի արժեզրկման և ավելիի մասին JNEWS-ը զրուցել է Ռոնդելիի հիմնադրամի տնտեսագետ, քաղաքագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ:

Վրաստանի տնտեսությունն արդեն երկրորդ տարին է հետընթաց է ապրում: Արդյո՞ք դա կշարունակվի: Ի՞նչ կարելի է ակնկալել:

– Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի մենք ունեցել ենք աստիճանական հետաճ, կարծեմ ավելի քան 6,1 տոկոս: Ցավոք, համավարակը հարված է հասցրել բոլոր երկրներին, բայց, համենայն դեպս, այս տոկոսը շատ մեծ է, նույնիսկ այլ երկրների համեմատ: Քանի որ առաջին հերթին, բնականաբար, համավարակը հարվածել է տուրիստական ոլորտին, իսկ դա Վրաստանին վերջին տարիներին (2019 թ.-ին՝ 3,5 մլրդ ԱՄՆ դոլար) բերում էր մեծ եկամուտ: Ճիշտն ասած, ես չեմ ակնկալում, որ այս տարի կվերականգնվի այնքան, որ հասնի 2019 թ.-ի մակարդակին, քանի որ թրենդը, հավանաբար, բացասական կլինի, բայց տնտեսությունը կարող է վերականգնվել որոշակի 2-3%-ով: Համենայն դեպս, ըստ Ազգային բանկի պաշտոնական կանխատեսումներով, եթե զբոսաշրջությունը լիովին չվերականգնվի, ապա Վրաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 1%-ով: Ընդհանրապես, դա կարող է պահպանողական սցենար լինել, բայց ես տեսնում եմ, որ դա բավականին մոտ է իրականությանը:

Այս տարի կվերացվեն տնտեսությունը «ոչնչացնող» կարգավորումները, թե՞ ոչ:

– Աստիճանաբար կչեղարկվեն, վարչապետ Գախարիան հայտարարել է մեղմացման մասին: Տրանսպորտը բացվում է հաջորդ երկուշաբթի օրվանից, բացվում են հասարակական սննդի օբյեկտներն ու ռեստորանները, որոնք գործում են բաց տարածքներում, և, ամենայն հավանականությամբ, հետագա որոշումները կկայացվեն՝ վարակակիրների թվի դինամիկայի, երկրում նրանց թվի հիման վրա: Եթե այս չնչին մեղմացումների հետևանքով դինամիկան չվատթարանա, կարծում եմ, որ երկիրը կշարունակի հետագայում բացվել:

Այնուամենայնիվ, ի հայտ են գալիս «COVID»-ի ավելի ու ավելի շատ շտամներ:

– Այո, մենք դա չգիտենք: Ցավոք, ոչ միայն մենք չգիտենք… Ընդհանրապես, աշխարհում, ըստ իս, ոչ ոք չգիտի: Այդ իսկ պատճառով էլ ես ասում եմ, որ հետագա որոշումները կախված կլինեն վարակման դինամիկայից:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ՀՆԱ-ն այս տարի կաճի 4%-ով, իսկ հաջորդ տարի` 6%-ով, ինչի շնորհիվ կարող է աճել ՀՆԱ-ն:

– Ես կարծում եմ, որ այս տարբերությունը Ազգային բանկի և Համաշխարհային բանկի գնահատականների միջև` այս 3%-ը, հենց տուրիզմի ոլորտն է: Եթե այս ոլորտն ակտիվորեն վերականգնվի պատվաստված մարդկանց հաշվին, նրանց հաշվին, ովքեր արդեն հիվանդացել են կովիդով և եթե մենք կարողանանք հաստատել մեր մրցունակությունը այս շուկայում` որպես զբոսաշրջության հեռանկարային ոլորտներից մեկը… Ի դեպ համավարակը նաև մեզ շատ կարող է օգնել և խանգարել նույնպես, թե ինչպիսին կլինի իրավիճակը Վրաստանում, որքան արագ կսկսենք դուրս գալ այս շատ բարդ իրավիճակից, որում հայտնվել ենք, այս 3 տոկոսանոց տարբերությունը հենց տուրիզմի ոլորտից է:

Եվ սա պարզապես տնտեսություն չէ, բանն այն է, որ տուրիստական կենտրոնը թույլ է տվել փոքր և միջին բիզնեսներին մեծապես զարգանալ Վրաստանում: Պատկերացրեք, թե քանի ընտանեկան հյուրանոցներ, փոքր ռեստորաններ, ինչ-որ ասենք գինու մառաններ, գինու սրահներ և այլն, որքան են բացվել ողջ հանրապետությունով մեկ: Եվ դրանք աստիճանաբար ամրապնդվել են, բարձրացրել իրենց ծառայության չափանիշները և ոտքի կանգնել: Այս համավարակն առաջին հերթին հարվածել է այս փոքր ու միջին բիզնեսներին: Եվ այժմ նրանց վերականգնվելու կարողությունը կախված կլինի նրանից, թե 2021 թվականին որքան գրավիչ կդառնա Վրաստանը զբոսաշրջության տեսանկյունից:

Տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, այն բնակչության համար դարձել է ոչ վերամբարձ, քանի որ սննդամթերքից սկսած էլեկտրականությունից վերջացրած ամեն ինչ թանկացել է: Կրկին սպասվու՞մ են թանկացումներ:

– Համաձայն եմ, որ սննդամթերքի գնաճի դինամիկան Վրաստանում շատ բարձր էր: Ապրանքների գրեթե բոլոր խմբերի, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, զգալիորեն աճել են: Ապագայում ես, համենայն դեպս, չեմ ակնկալում նույն տեմպով աճ: Այս աճի տեմպը կմարի: Ուղղակի այն պատճառով, որ արդեն կա այսպիսի մակարդակ, որը սպառողի պահանջարկը չի կարող ճեղքել: Այսինքն՝ մարդիկ պարզապես գումար չեն ունենա այդքան բարձր գներով սնունդ գնելու, անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքը: Հիմա մարդիկ նույնիսկ նայում են գնապիտակներին, երբ գնում են առաջին անհրաժեշտության սննդամթերքը՝ հացը, կաթնաշոռը, այլ կաթնամթերքը և այլն: Ուստի գները չեն կարող անվերջ թանկանալ, մանավանդ որ վերջին մի քանի ամիսներին մենք դոլարի նկատմամբ լարիի քիչ թե շատ կայունացում կնկատենք: Եթե լարիի փոխարժեքը մնա մոտավորապես այս 3,3 մակարդակում, ապա կարծում եմ, որ մթերքների գները կդադարեն աճել: Համենայն դեպս, նրանք չեն թանկանա այնքան արագ, որքան դա վերջին 3 ամիսներին էր:

Լարին կայունանում է նրա հաշվին, որ Ազգային բանկը միլիոնավոր դոլարներ է վաճառում (արտարժութային ինտերվենցիա): Բայց որքա՞ն կարելի է պահել լարիի փոխարժեքի կայունացումը նման միջոցներով:

– Այո, դա չի կարող անվերջ շարունակվել արտարժութային միջամտությունների և Ազգային բանկի կողմից փոխառված տարադրամների վաճառքի հաշվին: Սա ժամանակավոր միջոցառում է: Այժմ լարիի փոխարժեքի ամրապնդման հիմնական խթանը պետք է լինեն արտարժույթի մուտքի այլ աղբյուրները, և դա առաջին հերթին զբոսաշրջությունն ու օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որոնց մակարդակը Վրաստանում լրջորեն նվազել է, և դա տեղի է ունեցել դեռ 2018-19 թվականներին՝ մինչև համավարակը: Եվ այս իմաստով, իհարկե, շատ բան կախված է կառավարության արհեստավարժությունից և վարվելակերպից, թե ինչպես է ձեւավորված նման մթնոլորտը և երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար:

Եթե այս երկու գործոնները չփոխարինեն արժույթի ամրապնդման և կայունացման գրեթե միակ աղբյուրին, ապա, իհարկե, պետք է ակնկալել լարիի փոխարժեքի թուլացում և, համապատասխանաբար, գների բարձրացում, քանի որ սա շատ պարզ շղթա է, երբ լարիի փոխարժեքը թուլանում է, ներմուծվող ապրանքը թանկանում է, իսկ Վրաստանում գազը, բենզինը ներկրվող ապրանքներ են: Ցավոք, մենք սկսել ենք ավելի ու ավելի շատ էլեկտրաէներգիա ներկրել, չնայած սա առանձին թեմա է: Մենք ունենք շատ պաշարներ, որոնք հնարավոր է չներմուծել, այլ հակառակը՝ էլեկտրաէներգիա արտահանել, բայց փաստացի իրավիճակն այսպիսին է: Հետևաբար, այս ամենն ազդում է փոխադրումների և ապրանքների արտադրության ինքնարժեքի վրա, այդ թվում նաև երկրի ներսում: Եվ լարիի արժեզրկման հետ մեկտեղ, գնաճն անխուսափելի է, այդ թվում` կբարձրանան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Սա այն սցենարն է, որից կցանկանայի խուսափել:

Վալերի Ճեճելաշվիլին 2016 թվականից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող է: 1989-ի հոկտեմբերից հանդիսանում է դիվանագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ երկրորդ քարտուղարից մինչ Արտաքին գործերի փոխնախարար (1998-2000): Նա ֆինանսների նախարարն է եղել 2005 թ.-ին և Արտաքին գործերի առաջին փոխնախարարը (2005-2007): Նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիիրավ դեսպան է եղել (1994-1998թ.թ.), ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում (2004-2005 թ.թ.), զբաղեցրել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) գլխավոր քարտուղարը (2007-2016 թ.թ.):