Մեկ տարի առաջ, Վրաստանից Ամերիկա տեղափոխված հայտնի բռնցամարտիկ Օթար Երանոսյանն արդեն հասցրել է դառնալ Ամերիկայի չեմպիոն։ Մեկ տարի, 5 մենամարտ, 5 անընդմեջ հաղթանակ:
Ընդամենը օրեր առաջ Օթար Երանոսյանի հերթական մենամարտն էր: Ջավախքցի բռնցքամարտիկը 4-րդ ռանուդում նոկդաունի ենթարկեց մրցակցին դառնալով Ամերիկայի չեմպիոն: JNEWS-ը զրուցել է չեմպիոնի հետ:
Անդրադառնանք վերջին մենամարտին, դժվա՞ր մրցակցություն էր։
– Դժվար մարտ էր, լավ և արժանի մրցակից էր, հաղթեցի։ Քանի-որ ինքը շատ փորձառու մարզիկ էր, բազմաթիվ հաղթանակներով, այդ իսկ պատճառով, ես շատ լուրջ էի տրամադրված։ Պարամունքներիս ձևը ինչ-որ չափով փոխեցինք մարզիչիս հետ, նրա մարտերը նայելով սկսեցինք նրա սխալների վրա աշխատել: Կարողացա հաղթել մրցակցիս և իմ քաշային կարգում (58.700 kg, 130 Ամերիկյան փաունթ) դարձա Ամերիկայի չեմպիոն:
Այս մարտից հետո ինձ կներառեն թոփ 15 լավագույն մարզիկների մեջ: Անկեղծ ասած ես չէի սպասում, որ հինգ մարտով կկարողանամ հասնել այս մակարդակի։
Մրցակիցս 32 հաղթանակ է ունեցել, որից 26-ը՝ նոկդաունով։ Իր տեխնիկան, հարվածները շատ լավն են, ամեն ինչ հաշվի առնելով էլ մենք լուրջ պատրաստվել էինք: Կարող եմ ասել, որ նույնիսկ 10 ռաունդ շարունակվեր մարտը, ես պատրաստ էի դրան, բայց փառք Աստծո ավելի շուտ ենթարկեցի նոկդաունի: Ոչ ոք չէր սպասում, որ ես նման կերպ պարտության կմատնեմ: Այստեղ հայտնի մի կայք կա, որտեղ ներկայացված էր իմ ու մրցակցիս վարկանիշները, ճիշտ է 80%-ը հաղթանակն իմ օգտին էր նշել, բայց նոկդաունի ոչ ոք չէր սպասում:
Մեկ տարի Ամերիկայում, 5 մենամարտ և 5 հաղթանակ, արդյունքում Ձեր քաշային կարգում դարձաք Ամերիկայի չեմպիոն: Սա բռնցքամարտիկի համար լուրջ ձեռքբերում է, կա՞ մեկը, ում կուզենայիք նվիրել Ձեր այս հաղթանակը:
– Ես իմ առաջի գոտին, իմ առաջի մեծ ձեռքբերումը նվիրում եմ իմ հայրիկին, ով իմ սպորտային կյանքում մեծ դեր է խաղացել: Ես նրա շնորհիվ եմ այսպիսի մարդ և բռնցքամարտիկ դարձել։ Փոքր հասակում, երբ ես չէի հասկանում, թե ի՞նչ է սպորտը, ի՞նչ է բռնցքամարտը, չէի ուզում գնալ մարզումների: Հայրս ամեն առավոտ, ամեն օր կարելի է ասել կռվելով ստիպում էր, որ մարզվեմ։ Հիմա հասկանում եմ, թե այդ ամենն ինչքան կարևոր էր: Եվ ես շատ շնորհակալ եմ հայրիկիս, որ ժամանակին այդպես է վարվել:
Մեկ տարի առաջ Վրաստանից տեղափոխվեցիք Ամերիկա, բնականաբար, բռնցքամարտում զարգանալու և նոր հաջողություններ գրանցելու համար, արդարացա՞ն Ձեր սպասելիքները:
– Կարծում եմ, ես կարողացել եմ անել այն, ինչը շատ քչերին է հաջողվում։ Ինձանից շատ բան է կախված: Դեռ անելիքներ շատ ունեմ, իրականացել է իմ նպատակների մի մասը: Ես պետք է շարունակեմ իմ մարտերը, շարունակեմ հաղթանակներ ունենալ և հասնել հաջողությունների՝ բարձր պահելով իմ պետության և Ջավախքի անունը։
Անդրադառնալով Ձեր կեղծանվանը, ինչու՞ “Pitbull” և արդյո՞ք Ձեր ընտրությունն էր։
– Դա իմ որոշումը չէր, ես տեղյակ էլ չէի։ Երբ, եկա Ամերիկա, մարզվում էի և այդ ամբողջ ընթացում իմ մարզիչը և մենեջերը կողքից ինձ էին հետևում, մի օր էլ եկան ու ասացին՝ Օթար որոշել ենք քեզ մականուն դնել, կներես իհարկե, չգիտենք քո դուրը ինչքանով կգա, մենք ուղղակի այդպես ենք որոշել, եթե դու դեմ չես, ասացի՝ ինչ մականուն, ասացին “Pitbull”: Հարցրի ինչի՞ համար, ասացին, որ բռնցքամարտում իմ կռվելու հարձակողական ոճը շատ նման է այդ շներին (խմբ. Օթարը ծիծաղում է), այդպես էլ կեղծանունս կնքվեց “Pitbull”:
Ի՞նչ եք մտածում, երբ բարձրանում եք ռինգ, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
– Իմ ազգով և ընտանիքով եմ ոգեշնչվում, ես ամեն ինչ իրենց համար եմ անում, որ իրենք հպարտ լինեն։ Ամեն անգամ ռինգ բարձրանալիս, մտածում եմ չպարտվեմ, որ հանկարծ նրանք չտխրեն, չհիասթափվեն։
Ջավախքում ծնված և մեծացած մարդու համար ինչքանո՞վ է դժվար ապրել Ամերիկայում, ընտանիքից հեռու:
– Գիտեք ինչքան էլ ես լավ լինեմ, ինչքան էլ լավ տեղ ապրեմ, Մայամի չէ, որտեղ ուզում է լինի, միևնույն է՝ առանց ընտանիքի շատ դժվար է։ Առանց իմ որդու բռնցքամարտը, իմ Ամերիկա գտնվելն իմաստ չունի։ Իմ ընտանիքի անդամների փաստաթղթերի պատրաստումն ընթացքի մեջ է, երբ կորոնավարակի հետ կապված սահմանները բացվեն, ամեն ինչ կկարգավորվի:
Օթար, Ձեր և ընտանիքի ապագան տեսնում ե՞ք Ամերիկայում։
– Ճիշտն ասած, ես չէի ուզենա Ամերիկայում ապրել, ճիշտ է այստեղ ամեն ինչ լավ է, ամեն ինչ սիրուն ու հարմար է: Բայց ընտանիքիս հետ այստեղ ապրել չեմ ուզենա, սակայն ժամանակից առաջ չընկնենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխան դառնա ամերիկացի: Չեմ ուզում, որ երեխաս ջավախքցի լինելով, հայ ծնվելով, իրեն փոխի։ Ես ուզում եմ, որ Ջավախքի արժանի զավակ դառնա։ Ով ջավախքցի է, նա գիտի դա ինչ է, նա ինձ կհասկանա։
Գայանե Ակոջյան