Այսօր Ախալքալաքի կենտրոնում անցկացվեց հերթական բողոքի ակցիան` սահմանները վերաբացելու պահանջով, որպեսզի հնարավոր լինի գնալ արտագնա աշխատանքների և մարդիկ գումար աշխատեն իրենց ընտանիքներին պահելու համար: Ակցիայի ժամանակ Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը հանդիպել էր ցուցարարների հետ:
Այսօր ժամը 13:00-ից հետո, ինչպես նաև հունվարի 31-ին, Ախալքալաքում տեղի ունեցած բողոքի ակցիաները չունեին կազմակերպիչ և գործողությունների ծրագիր, բայց այս անգամ Թբիլիսիից ժամանած լրագրողները ցուցարարներին ուղղորդեցին դեպի Ախալքալաքի քաղաքապետարան՝ հանդիպելու Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ: Պատգամավորը տեղում չէր: Ուստի լրագրողները կապ հաստատեցին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ: Ելնելով վիրուսի հետ կապված իրավիճակից՝ քաղաքապետը խնդրեց ցուցարարներից 2 հոգու ներկայանալ և հանդիպել իր հետ, սակայն ցուցարարները հրաժարվեցին՝ պահանջելով դուրս գալ բոլորի հետ հանդիպելու: Դրանից հետո ակցիայի մասնակիցներին հանդիպելու նպատակով դուրս եկավ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, ով զրուցելով ցուցարարների հետ, փոխանցեց նրանց պահանջները քաղաքապետին: Դրանից հետո հանդիպեց Ախալքալաքի քաղաքապետը նեղ միջանցքում, որը տանում է դեպի 3-րդ հարկ:
Ցուցարարները հերթով խոսեցին համավարակի ընթացքում առկա սահմանափակումների պատճառով իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին:
Ջավախքի բնակիչները բողոքի ակցիայով մտել են Ախալքալաքի քաղաքապետարան
Հանդիպումից հետո, քաղաքապետ Յուրի Ունանյանը JNEWS-ի հետ զրույցում մեկնաբանեց իրավիճակը:
«Ես շատ լավ հասկանում եմ բնակչությանը, իրավիճակը բարդ է: Այսօրվա դրությամբ սահմանները փակ են, ո՞ւմ համար, իհարկե, մեզ համար՝ բնակչության համար: Ես գտնում եմ, որ պետությունը շատ ճիշտ քայլ է անում, քանի որ ամենաթանկը մարդկային կյանքն ու առողջությունն է: Մենք մտածում ենք, որ համաճարակը չտարածվի, որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից: Տեսեք, փետրվարի 1-ից կանոնակարգերը փոխվել են, ինչ-որ բան փոխվել է, միգուցե 10-15 օրվա ընթացքում Համակարգող խորհուրդը կրկին գումարվի, նրանք կտեսնեն, թե ինչ հնարավորություններ կլինեն և աստիճանաբար փոփոխություններ կլինեն, հավանաբար՝ մինչև գարուն, իմ կարծիքով: Իրավիճակը ցույց է տալիս, որ վարակի դեպքերը նվազում են», – մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետը: