Երեկ՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցավ առցանց վահանակային (պանելային) քննարկում թեմայով՝ վրաց հասարակության մեջ ապատեղեկատվության ազդեցությունն ազգային փոքրամասնությունների ինտեգրման վրա:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով բոլոր միջոցառումները, որոնք նախկինում իրականացվում էին իրական ռեժիմով, տեղափոխվել են առցանց հարթակ: Ուստի, երեկ «Zoom»-ի միջոցով անցկացվեց «Ապատեղեկատվությունը և դրա բացասական կողմերը ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացում» թեմայով վահանակ քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին առընթեր գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի կողմից:

Միջոցառումն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNAG), Հանդուրժողականության, քաղաքացիների իրազեկման և ինտեգրման զարգացման (PITA) ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: Հանդիպմանը մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` այն շրջաններից, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները:

Հանդիպումը բացեցին Ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոպլիանին և USAID/Վրաստանի ժողովրդավարության, իրավունքների և կառավարման գրասենյակի ներկայացուցիչ Թամար Սիրբիլաձեն:

ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի ղեկավար Թամար Կինծուրաշվիլին խոսեց ապատեղեկատվության, հակաարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության աղբյուրների մասին: Ռադիո Մառնեուլիի տնօրենը պատմեց Քվեմո-Քարթլիի շրջանում տիրող իրավիճակի մասին, ըստ նրա, ապատեղեկատվությունն այստեղ ուղեկցվում է ագրեսիայով և կարծրատիպերով, որոնք խիստ զգացվում էին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, ինչպես նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի և քարտեզագետների անավարտ գործի առումով: Նա նաև հիշեցրեց մեղադրանքները էթնիկ ադրբեջանցիների հասցեին՝ Փոնիճալայում հայկական համարանիշներով բեռնատարների վրա հարձակման առումով: Ապատեղեկատվության մուտացիայի հետ կապված իրավիճակը և տարածաշրջանային լրատվամիջոցների պատասխանատվությունը, որոնք պետք է զգոն լինեն, որպեսզի ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելու գործիք չդառնան, քննարկեց Ջավախքի լրատվական կենտրոնի տնօրեն և Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Ռիմա Ղարիբյանը։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև կորոնավիրուսի, պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության մասին: Խոսվել կոմունիստ Նարիման Նարիմանովի արձանի շուրջ ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ադրբեջանական դրոշի գույներով Խաղաղության կամուրջը լուսավորելու հետ կապված ապատեղեկատվության և այլ մանիպուլյացիաների մասին, որոնք ազդում են Վրաստանի մնացած մասի վրա՝ ազգային փոքրամասնություններին ընկալել բացասական տեսանկյունից: