«Կազբեգի» մաքսային անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և օրական այնտեղով անցնում է ավելի քան հազար բեռնատար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության կողմից մաքսային հսկողության համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո վրացական կողմն առանց որևէ խոչընդոտ ստեղծելու անցկացնում է միջազգային փոխադրումներ իրականացնող բեռնատարներին և ուղևորներին:
Այս պահին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ճանապարհը ձյունից մաքրելուց հետո ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: