Նահապետ Ակոջյանն այն քչերից է, ով կարողացել է համաճարակը վերածել հնարավորության: Համաճարակի սկզբում նա կորցրել է իր աշխատանքը, հարսանիքների եւ զանգվածային այլ միջոցառումների արգելքը նրան զրկել է գումար վաստակելու հնարավորությունից: Սակայն հասկանալով, որ համաճարակը դեռ երկար ժամանակ իրեն թույլ չի տա վերադառնալ սովորական աշխատանքի, նա տեսախցիկը փորխարինել է ֆոտոխցիկով, և հասել իր նպատակին, ինչը երկար ժամանակ է զբաղվածության պատճառով չէր կարողանում անել:
Նահապետն Ախալքալաքում առանձնանում է ոչ միայն իր աշխատանքով, այլև արտաքինով: Բոլորը գիտեն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում երկար մազերով և տեսախցիկով տղայի, ով նաև ասմունքում է: Նա նկարահանում է տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր: Մասնակցում և իրականացնում է մի շարք ծրագրեր։ Նա հասցրել է հիմնել իր փրոդաքշնը։ 20-ամյա երիտասարդը 17 տարեկանից ինքն է պահում իր գլուխը։
«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես 15 տարեկան էի, երբ ես սկսեցի հետաքրքրվել այս գործով, և 2017 թվականին գնեցի իմ առաջին պրոֆեսիոնալ տեսախցիկը։ Այնուհետև 2020 թվականին ստեղծեցինք մեր «SNK production»-ը։ Նկարահանում եմ հարսսնիքներ, կնունքներ և այլ տարբեր տեսակի միջոցառումներ», – ասում է Նահապետ Ակոջյանը։
Նահապետի ակտիվ կենսակերպը. ամեն օր միջոցառումներ, նկարահանումներ, մոնտաժ, կորոնավարակի ժամանակ միանգամից «դադարում» է։ Հազվադեպ, սակայն 2020 թվականի ամռանը ունեցել է բացօդյա հարսանիքների նկարահանումներ:
«Բնականաբար, համավարակն ազդեց բոլորիս վրա, սահմանվեցին արգելքներ և մենք դադարեցինք միջոցառումներ նկարահանել, և իհարկե, բոլորի նման ունեցանք ֆինանասկան կորուստ։ Ամառվա ընթացքում ունեցել ենք ընդամենը մի քանի բացօդյա հարսանիք»։
Ախալքալաքում հարսանիքների այսպես կոչված «սեզոնն» սկսվում է նոյեմբերին և ավարտվում մայիսին: Ախալքալաքում և գյուղերում նվազագույնը 14 ստուդիա կա, կամ պարզապես մարդկանց խմբեր, որոնք զբաղվում են հարսանիքների նկարահանումներով: Ոմանք առաջարկում են վիդեո և ֆոտո նկարահանումներ, որոշներն էլ ամենակարևոր պահերին ավելացնում են էֆեկտներ՝ օճառապղպջակներ, մառախուղ, հրավառություն և այլն: Կան խմբեր, որոնք իրենց վրա են վերցնում եւ ձեւավորում նորապսակների սեղանը: Լինում են օրեր, երբ այս բոլոր խմբերն ու ստուդիաները զբաղված են լինում, և, որպեսզի հարսանիքն առանց գլխավորի չթողնեն՝ նկարահանումները, հարսանիքի օրը ստիպված են լինում փոխել։
Նահապետ Ակոջյան աշխատում է խմբով՝ մոր և եղբոր հետ:
«Սեզոնին շաբաթվա մեջ միջինը երեք հարսանիք լինում էր, եղել է, որ մի շաբաթ հանգստացել ենք կամ 7 օր նկարահանումներ ենք արել։ Այդ սեզոնին միջինը 20 000 աշխատել ենք, հետո սկսվում էր վերջին զանգերի սեզոնը, այդ ընթացքում միջինը՝ 10 000 լարի էինք աշխատում, սա 2019-2020 թվականի վիճակագրությունն եմ Ձեզ ասում, իսկ կորոնավարակի ընթացքում, ֆոտոսեսիաներից դուրս, ունեցել եմ ընդամենը 7 հարսանիք։ Իմ հիմնական աշխատանքի 15%-ն էլ չեմ աշխատել»։
Ամեն տարի Նահապետը նոր տեսախցիկ էր գնում, նոր ֆունկցիաներով: Բայց այս տարի ստիպված է եղել խախտել ավանդույթը: Եկամուտ չի ունեցել, որ կարողանար իրականացներ ամենամյա դարձած ավանդույթը:
Տարիներ շարունակ մեր հերոսը մի նպատակ է ունեցել՝ ունենալ սեփական ֆոտոստուդիա և այն կորոնավարակի ժամանակ իրականության է վերածել։ Ամանորին ընդառաջ նա բացել է իր ֆոտոստուդիան և սպասարկել իր մշտական հաճախորդներին։
«Վաղուց նպատակ ունեի Ախալքալաքում ֆոտոստուդիա բացել, կորոնավարակի շրջանում մոտիվացիաս ավելացավ, և, ես իրականացրեցի իմ նպատակը, Նոր տարվան ընդառաջ բացելով ֆոտոստուդիա։ Իհարկե ամեն ինչ արագ ստացվեց, կային բաներ, որ մի քիչ թերի մնաց, սակայն ամեն ինչ կամաց-կամաց կարգավորվում է։ Սկզբից իհարկե եկան հավատարիմ հաճախորդներս»:
Նահապետը կարծում է, որ ստեղծված յուրաքանչյուր իրավիճակում պետք է լավ պահեր գտնել և զարգացնել դրանք: Նա չի համակերպվել, որ չի կարողացել թարմացնել իր աշխատանքային տեխնիկան: Ամանորյա տոներից հետո Նահապետը գումար վաստակելու նպատակով տեղափոխվել է Թբիլիսի: Նա որոշել է մայրաքաղաքաում աշխատելով գումար տնտեսել, նոր տեխնիկա գնել և արդեն կովիդ-սահմանափակումների վերացումից հետո վերադառնալ Ախալքալաք և շարունակել իր մշտական աշխատանքը՝ հերթով իրականացնելով մեծ ու փոքր երազանքները:
Գայանե Ակոջյան