«Հավանաբար, դա տեղի կունենա ամենավերջում», – այսպես է պատասխանել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն լրագրողների այն հարցին, թե երբ է երկրում չեղարկվելու պարետային ժամը:
Համաճարակաբանը նշել է, որ, իր կարծիքով, երեկոյան 21:00-ից առավոտյան 5:00-ն տեղաշարժի արգելքը կպահպանվի նույնիսկ ապրիլին: Միաժամանակ նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը:
Մասնագետը պարզաբանել է, որ պարետային ժամը կրճատում է վարակի լայնամասշտաբ տարածման հավանականությունը:
«Մենք բոլորս ապրում ենք այս քաղաքում և գիտենք, որ հարևաններն այցելում են միմյանց, նրանք, ովքեր ապրում են նույն բակում, հյուրընկալվում են մեկը մյուսի տանը: Դա շատ պարզ է, եթե գնում եք ձեր հարևանների մոտ, ապա հարևանների շրջանում ստեղծվում է մեկ կլաստեր: Այսինքն՝ տարածումը աշխարհագրականորեն կլինի մի փոքր տարածքում: Եվ եթե երեկոյան ժամը 9-ին քաղաքի մի ծայրից մյուս ծայրն ես այցելում ընկերոջդ, հարազատիդ մոտ, նստում ես այնտեղ, ապա վերադառնում՝ վարակը տարածվում է շատ ավելի մեծ աշխարհագրական տարածության վրա: Ի՞նչ կա այստեղ բացատրելու, մենք բոլորս վրացիներ ենք, գիտենք, թե ինչպես ենք մենք ապրում, գիտենք, թե ինչպես է ընդունված մեր երկրում», – ասել է Իմնաձեն:
Նա հորդորել է Վրաստանի բնակիչներին «մի փոքր ավելի համբերատար լինել, որպեսզի հետագայում՝ գարնանն ու ամռանը, կարողանալ ապրել հնարավորինս մոտ բնականոն կյանքին»:
Նոյեմբերի 28-ից սկսած՝ Վրաստանում արգելված է փողոցում զբոսնել և մեքենա վարել երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 5:00-ն: Դրանից երեք շաբաթ առաջ էլ տեղաշարժի սահմանափակումը սկսվում էր 22:00-ից:
Փետրվարի 1-ից Վրաստանում վերացվել են նախկինում կիրարկված մի շարք սահմանափակումներ՝ վերաբացվել են բոլոր խանութներն ու առևտրի կենտրոնները, որոշ քաղաքներում դպրոցականները վերսկսել են ուսումը դասասենյակներում, հասարակական տրանսպորտը և փողոցային սրճարանները սկսել են աշխատել: Այնուամենայնիվ, խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների աշխատանքը դեռ թույլատրված չէ: