Եվրոպական մոտ ութ երկիր պատրաստ է լրացուցիչ դեղաչափերի դեպքում Վրաստանի հետ կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Մենք շարունակում ենք շատ ինտենսիվ աշխատել տարբեր արտադրողների, Եվրամիության և տարբեր երկրների հետ: Դրանցից մոտ 7-8-ը խոստացել են, որ այն երկրները, որոնք պատվիրել և գնել են ավելին, քան իրենց անհրաժեշտ է, այս լրացուցիչ չափաբաժինները կմատակարարեն Վրաստան», – հայտնել է նա:

«NCDC»-ի ղեկավարը հավելել է, որ Վրաստանը կստանա 1,4 միլիոն դեղաչափ պատվաստանյութ համաշխարհային «COVAX» պլատֆորմի միջոցով, որը ստեղծվել է անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի արդարացի հասանելիության համար` դրանց արտոնագրումից և գրանցումից հետո: Դա բավարար չի լինի 2021 թվականի վերջին չափահաս բնակչության մինչև 60%-ին պատվաստելու համար, ինչպես նախատեսված է պատվաստման ազգային ծրագրով:

«Ըստ մեր ծրագրի, որն արդեն հաստատվել է կառավարության կողմից, մեզ պետք է 3,9 միլիոն դեղաչափ, այսինքն՝ մենք ստիպված կլինենք գտնել ևս 2,5 միլիոն դեղաչափ», – պարզաբանել է Գամղրելիձեն:

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ այսօր պատվաստումների թեման վերածվել է «քաղաքական զենքի», որը մինչ այժմ մնում է միայն ուժեղ պետությունների՝ «Մեծ յոթնյակի» երկրների ձեռքում:

«Այսօր աշխարհում պատվաստանյութերի լուրջ պակաս կա: Հիմնական խնդիրներից մեկը անարդարությունն է: Պատվաստանյութերի բաշխման գործընթացում անարդարությունը քննարկվել է ԱՀԿ գործադիր կոմիտեի կողմից», – ասել է Գամղրելիձեն:

Վրաստանի կառավարությունը դեռ չգիտի, թե ինչ պատվաստանյութով է պատվաստելու երկրի բնակչությանը: Առաջին փուլում՝ 2021 թվականի փետրվարի վերջին, երկիր է ժամանելու ամերիկա-գերմանական արտադրության «Pfizer» պատվաստանյութի մի փոքր խմբաքանակ՝ մինչ 20 հազար դեղաչափ:

Ըստ ԱՀԿ-ի պայմանների՝ բժիշկները պետք է առաջինը պատվաստվեն: Առաջնահերթ այլ խմբերն են՝ երկարաժամկետ խնամքի (ծերանոցներ) հաստատությունների անձնակազմը և շահառուները, 75-ից բարձր քաղաքացիները, 65-74 տարեկան քաղաքացիները և 55-64 տարեկան քաղաքացիները, նաև 18-54 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուները:

Դրանից հետո նախատեսվում է պատվաստել բնակչության մնացած մասին, ներառյալ նրանց, ովքեր արդեն վարակվել են: Ըստ ամենալավատեսական կանխատեսումների՝ դա տեղի չի ունենա մինչեւ 2021 թ.-ի աշուն: Մինչ 18 տարեկան երեխաների պատվաստումը չի նախատեսվում:

Ըստ հաստատված ծրագրի՝ չափահաս բնակչության 60%-ի պատվաստումը պետբյուջեի համար կարժենա մոտ 164 միլիոն լարի (50 միլիոն ԱՄՆ դոլար):