Հունվարի 24-ի գիշերը Վրաստանում անհայտ անձինք հայկական պետհամարանիշերով բեռնատարների վրա են հարձակվել: Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեպանությունը՝ հարձակվողները ջարդել են բեռնատարների ապակիները և փախել դեպքի վայրից: Սույն փաստով Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել:

«Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: