Մինչև տարեվերջ ծրագրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել Վրաստանի չափահաս բնակչության 65%-ին, կամ 1,6 միլիոն մարդու: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Երկրում կա 2,8 միլիոն մեծահասակ անձ, նրանց 60-65%-ը կազմում է 1,6 միլիոն մարդ: Դրա համար անհրաժեշտ է պատվաստանյութի շուրջ 900 հազար չափաբաժին», – ասել է Գամղրելիձեն Առաջին ալիքի եթերում: Միաժամանակ Գամղրելիձեն պարզաբանել է, որ խոսքը երկու պատվաստափուլից բաղկացած պատվաստանյութի մասին է, իսկ հաշվարկների ժամանակ հաշվի են առնվում նաև դեղամիջոցի հնարավոր «կորուստները»:
Ազգային ծրագիրը, որը պետք է հաստատվի Վրաստանի կառավարության կողմից մինչև այս շաբաթվա վերջ, սահմանում է պատվաստումների ենթակա նպատակային խմբերը: Առաջին փուլում պատվաստվելու են բուժաշխատողները, ծերանոցների, ապաստարանների շահառուները և այլն, 75 տարեկանից բարձր քաղաքացիները: Հաջորդները կլինեն 65-ից 74 տարեկան, 55-ից 64 տարեկան քաղաքացիները, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:
Այս խմբերին պատվաստումից հետո, կպատվաստվեն Վրաստանի բոլոր մյուս բնակիչները, այդ թվում՝ արդեն վարակված մարդիկ: Գամղրելիձեն չի կոնկրետացրել պատվաստման փուլերի ժամանակը, սակայն ավելի վաղ նրա տեղակալ Պաատա Իմնաձեն ասել էր, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության համար հասանելի չեն լինի 2021 թվականի աշնանից շուտ:
Ազգային պլանում բերված է մի քանի սցենար: Դրանցից յուրաքանչյուրը մոդելավորված է հաշվի առնելով տարբեր դեղամիջոցներ:
«Կարևոր է, թե սառը շղթայի որ տեսակի կլինի պատվաստանյութը՝ -70, -20 թե +2, +8 աստիճան: Այս բոլոր ռեժիմներն ունեն իրենց հաշվարկները, համապատասխանաբար, գները և ծառայությունները տարբերվում են», – նշել է Գամղրելիձեն:
Քանի որ տարբեր արտադրողների դեղերի արժեքը և պահպանման պայմանները տարբերվում են, Վրաստանի բնակչության համընդհանուր պատվաստման գործընթացի ճշգրիտ արժեքը դեռ որոշված չէ: Ըստ ծրագրի՝ առավելագույն արժեքը կկազմի 164 միլիոն լարի (մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար): Վրաստանը միայն անհրաժեշտ քանակի չափաբաժիններ ձեռք բերելու համար կծախսի մինչև 17 միլիոն ԱՄՆ դոլար: Երկիրը որպես կանխավճար գլոբալ «COVAX» հարթակին փոխանցել է 4 միլիոն ԱՄՆ դոլար, որը ստեղծվել է լիցենզավորվելուց և գրանցվելուց հետո անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հավասարաչափ հասանելիությունն ապահովելու նպատակով:
«COVAX»-ի միջոցով Վրաստանը չափաբաժին կստանա բնակչության մոտ 20%-ի համար, այսինքն` 700 հազար մարդու համար: Առաջին խմբաքանակը՝ մոտ 20 հազար չափաբաժին, Վրաստան կհասնի մոտ մեկ ամսից՝ փետրվարի վերջին: Երկիր կներմուծվի փոքր քանակությամբ ամերիկյան «Pfizer» և նրա գերմանական գործընկեր «BioNTech» ընկերության «BNT162b2» պատվաստանյութը:
Որտեղից ձեռք կբերվի պատվաստանյութի մնացած մասը, դեռ պարզ չէ: Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք բանակցություններ են վարում «բոլոր արտադրող-երկրների հետ»: