Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին` իրենց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահը դառնալու կապակցությամբ: Մենք երախտապարտ ենք բազում տարիների ընթացքում ռազմավարական գործընկերությանը ձեր նվիրվածության համար: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարության և ազատության պաշտպանության հաջորդ փուլին», – գրում է Գախարիան իր «Twitter»-ի էջում:
«Ես շնորհավորում եմ Քամալա Հարիսին` իր պատմական ձեռքբերման և ԱՄՆ պատմության մեջ որպես առաջին կին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի հատուկ ընկերն է, և ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ համագործակցել մեր երկրների միջև հետագա գործընկերական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ», – ասվում է Վրաստանի վարչապետի մեկ այլ գրառման մեջ:
Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով ավանդական զանգվածային միջոցառումները չեղյալ էին հայտարարվել, իսկ բողոքի ցույցերի վտանգի պատճառով ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները:
Արարողությանը երդվել է նաև Քամալա Հարիսը, որը դարձավ ԱՄՆ-ի առաջին կին փոխնախագահը:
Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջիններից էին, ովքեր 2020 թ.-ի նոյեմբերի 8-ին՝ ձայների հաշվարկի ամբողջական ավարտից մոտ մեկ ամիս առաջ շնորհավորեցին Ջո Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ընտրություններում հաղթողին պաշտոնապես հաստատեցին դեկտեմբերի 14-ին՝ համընդհանուր ընտրությունների հիմնական օրվանից ուղիղ 41 օր անց: Բայդենի հաղթանակը հաստատեցին ընտրական կոլեգիայի 538 անդամներ: