2021 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի դպրոցականների տրանսպորտավորման տենդերը դեռ չի հայտարարվել, սակայն, դպրոցականների տրանսպորտավորումը չի կանգնեցվել, նախկին ընկերությունը համաձայնել է երեխաներին տեղափոխել մինչև նոր տենդերի հայտարարումը:
Դպրոցականների տեղափոխումը գյուղերից քաղաքի դպրոցներ և մի գյուղից մյուսը վճարվում է Վրաստանի կրթության նախարարության կողմից, և այդ աշխատանքների տենդերը հայտարարում է հենց ԿԳՆ-ը: Տենդերը միախմբված է, այսինքն՝ ամբողջ Վրաստանի համար հայտարարվում է մեկ տենդեր: Այս տարի տենդերը դեռ չի հայտարարվել:
Այսօր՝ հունվարի 18-ին, երկարատև արձակուրդներից հետո հայտարարվեց, որ դպրոցներն աշխատելու են սովորական ռեժիմով: Քանի որ դեռ հայտնի չէ այն տրանսպորտավորող ընկերությունը, որը պիտի տեղափոխի դպրոցականերին, մունիցիպալիտետները մինչև տենդերի հայտարարումը վարորդների հետ կկնքեն ուղղակի պայմանագրեր:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, քանի որ դասերը սկսվեցին հանկարծակի, և որպեսզի աշակերտները չտուժեին, նա վարորդներին խնդրել է շարունակել տրանսպորտավորումը:
«Դասերը սկսվեցին հանկարծակի, նրանք մեզ զանգահարեցին և ասացին, որ ժամանակավորապես պայմանագիր կնքենք վարորդների հետ, նախորդ թվերով, մինչև տենդերի հայտարարումը: Պայմանագիրը մենք պիտի կազմենք այսօր: Աշակերտների քանակը զգալի փոխության չի ենթարկվել », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Այս ուսումնական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետում տրանսպորտավորման կարիք ունի 364 աշակերտ: Վարորդները նրանց առավոտյան տանում են համապատասխան դպրոց, իսկ դասերից հետո հետ բերում: Դպրոցականներին գյուղերից տեղափոխում են քաղաքի դպրոցներ, ինչպես նաև մի գյուղից մյուս գյուղը:
Ուղղակի պայմանագրի համար ԿԳ նախարարությունը մեկ ամսվա համար հատկացրել է 24 383,45 լարի:
Պետական գնումների գործակալությունը Կրթության նախարարության պատվերով հայտարարում է դպրոցականների տրանսպորտավորման տենդեր: Անցյալ տարի դպրոցականների տրանսպորտավորման տենդերը շահել էր «Մարմենիո» ՍՊԸ-ն, 1 կմ-ի դիմաց 3,39 լարի գնով, նախնական 3,50 լարի գնի դեպքում:
Փաստաթղթերի համաձայն, երեխաների փոխադրումը պետք է իրականացվի համապատասխան վարորդական իրավունք ունեցող վարորդների կողմից, որոնք պետք է պահպանեն անվտանգ տեղաշարժի բոլոր կանոնները, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերը: