Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով այսօր ևս փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կուտակված բեռնատարների մեծ հերթ է գոյացել:
Եղանակային բարդ պայմանների պատճառով, Վրաստանի որոշ ճանապարհներին գործում են սահմանափակումներ: Առատ ձյան պատճառով, Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոդաուրի (Նակերալայի լեռնանցք) ճանապարհին արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Մնացած տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ չկան:
Bարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք և վատ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Արդեն մեկ շաբաթ է, առատ ձյան պատճառով ձնահյուսի վտանգ կա, ըստ այդմ՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից, այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում ևս Լարսը փակ կլինի: Իսկ վաղը ճանապարհը բաց կլինի, թե՝ ոչ, կախված է եղանակային պայմաններից: