Դադարեցվել է «1+4» ծրագրի շահառու երիտասարդների ստաժավորման ծրագիրը: Պատճառը «COVID-19»-ի համավարակն է:
Պետական հաստատություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հատուկ ստաժավորման ծրագիրը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Բոլոր ուսումնական հաստատություններն ու ծրագրերն անցել են հեռավար ռեժիմի:
«Անցյալ տարին բավականին յուրօրինակ ու բարդ էր: Բոլորն էլ գիտեն, թե համավարակի հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել: Կցանկանայի նշել, որ ստաժավորման ծրագիրը, ցավոք, այս տարի դադարեցվել է COVID-19-ի պատճառով: Կար այն հեռավար շարունակելու տարբերակ, բայց, ցավոք, այս ձևաչափով անհնար է հասնել այն նպատակներին, որոնք ծրագիրը դրել է իր առջև: Ծրագրի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկը հենց ինտեգրման խթանումն է: Եվ այս առումով շատ կարևոր է, որ ստաժավորումն անցնող անձինք լինեն անմիջապես տեղում՝ պետական հաստատություններում», – ասում է Քաղաքացիական հավասարության պետնախարար Թինա Գոգելիանին:
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է 2017 թվականից՝ Քեթեւան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ, ով այդ ժամանակ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարն էր: 2017 թվականից մինչ օրս այս ծրագրի շահառուների, այսինքն՝ մասնակիցների թիվը կազմել է 300 մարդ: Սրանք այն երիտասարդներն են, ովքեր ստացել են ծառայության համար հատուկ հմտություններ, ընդլայնել են իրենց գիտելիքները, ինչը նրանց կօգնի հետագայում ինքնաիրացման մեջ: Այն քաղաքացիները, ովքեր «1+4» ծրագրի շրջանակներում Վրաստանի բուհերում սովորող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են հանդիսանում, հնարավորություն են ստանում ստաժավորում անցնել պետական հաստատություններում, կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում: